Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը վաղը՝ մայիսի 25-ին, կայցելի Երեւան եւ Բաքու: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն:
Այցի նպատակի մասին մանրամասներ նա չի հաղորդել:
Ի դեպ, նախօրեին Երեւան է ժամանել Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի գլխավորած պատվիրակությունը:
Այսօր էլ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին: Արտգործնախարարությունից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետեւանքով ստեղծված իրադրությանը: Արա Այվազյանն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ եւ անվերապահ դուրսբերման հրամայականը: