կարևոր
1657 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-24 09:47

Քամու հետևանքով Երևանում և մարզերում ծառեր են կոտրվել, վնասվել են տանիքների կառուցատարրեր, էլեկտրալարեր

Մայիսի 23-ին, ժամը 16։22-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Կասյան, Մելիքյան, Էրեբունի, Խաղաղ Դոնի, Աթոյան, Ծերենցի, Շիրազի, Անդրանիկի, Գր․ Արծրունու, Րաֆֆու, Ավետիսյան, Բաշինջաղյան, Մազմանյան, Նալբանդյան, Հալաբյան, Միքայելյան, Արարատյան, Դրոյի փողոցներում, Իսակովի պողոտայում, Արարատի մարզում, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Մարգարա գյուղում, Կոտայքի մարզի Աբովյան, Նոր Հաճն քաղաքներում, Ջրվեժ գյուղում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քամու հետևանքով վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր և էլեկտրական լարեր։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարները ճանապարհների երթևեկելի հատվածներից հեռացրել են ծառերի ճյուղերը, ամրացրել շենքերի տանիքների պոկված թիթեղները, սահմանազատել տարածքները և իրականացրել հերթապահություն։