կարևոր
3418 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-22 22:34

Մեր երկրի իշխանությունները թշնամի երկրի իշխանությունների հետ գնում են դավադիր գործարքի. թույլ չենք տալու․ Կարին Տոնոյան

Մեր երկրի իշխանությունները թշնամի երկրի իշխանությունների հետ գնում են դավադիր գործարքի. թույլ չենք տալու․ Կարին Տոնոյան

Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում կայացավ «5165» շարժման և «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության կողմից հրավիրված շտապ հանրահավաքը, որի նպատակն էր պարտադրել ժամանակավոր կառավարությանը Հայաստանի Հանրապետության անունից չստորագրել որևէ փաստաթուղթ, որը հիմքեր կստեղծի զիջելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատված թշնամուն:     

«5165»  շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն իր խոսքում ասաց. «Ինչպե՞ս է, որ դավաճանություն գործած մարդն այսօր իրավունք ունի լուծելու մեր անվտանգության խնդիրը։ Մեր զավակների արյամբ թրծված այս հողը չի պատկանում դավաճաններին։ Մենք այստեղ ենք, քանի որ շատ լավ հասկանում ենք. ՀՀ սահմաններին կատարվում է մի բան, ինչը պայմանավորվածություն է։ Մեր երկրի իշխանությունները թշնամի երկրի իշխանությունների հետ գնում են դավադիր գործարքի,  հարկադրում են իրենց հետ «խաղաղ ապրելու» վերջին պայմանը: Թույլ չենք տալու: Պարոնա՛յք սպաներ, մենք ձեր կողքին ենք, Հայաստանը ծնկի չի գալու»։ 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր  մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանն իր ելությում առաջին հերթին կարևորեց այն, որ  պատերազմից առաջ և հիմա կեղծ օրակարգ ու թեզ է առաջ տարվում՝ նախկին և ներկա, իսկ հիմա մեզ համար բաժանարար գիծը միայն պետք է լինի ապազգայինն ու ազգայինը: 

«Այս ժամանակահատվածում, երբ Փաշինյանը հրաժարական է տվել և չունի լեգիտիմություն,  չկա նրա հանդեպ վստահություն, նա  փորձում է Հայաստանի կենսական շահերի համար կարևոր որոշում կայացնել մեր անունից, որը հետագայում սերնդեսերունդ մեզ համար հետևանք է առաջացնելու: Նա այս փուլում  իրավունք չունի ինչ-որ բան ստորագրելու ՝ այն էլ գաղտնի պայմաններում»,-  ասաց Արա Զոհրաբյանը: 

Հավաքի վերջում ներկայացվեց Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի պահանջը, որն ուղղվելու է ՀՀ կառավարություն։ Պահանջն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կառավարության կողմից Ադրբեջանի Հանրապետության հետ որևէ փաստաթուղթ չստորագրելու վերաբերյալ 

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար հանդես եկող Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի Հանրապետության հետ ստորագրել որևէ փաստաթուղթ, որը կվերաբերի Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ հետևյալ պատճառներով. 

1. վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, քանի որ չի վայելում Հայաստանի ազգաբնակչության վստահությունը, ինչը, ի թիվս այլ հանգամանքների, մեծապես պայմանավորված է 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության մեծ մասի կորստի հարցում ՀՀ գործող իշխանությունների ունեցած մեղավորությամբ ու պատասխանատվությամբ: Իսկ ազգաբնակչության վստահությունը չվայելող անձը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության անունից կատարել որևէ գործարք, որ կվերաբերի նրա սահմաններին ու տարածքին:  

2. Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի քարտեզների հիման վրա Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացը ենթադրում է Հայաստանի կողմից Արցախի ճանաչում՝ որպես Ադրբեջանի անքակտելի տարածք, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան որոշ տարածքների զիջում: Սա դավաճանություն է հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ, ինչպես նաև անարգանք Արցախի ինքնորոշման պայքարի համար իրենց կյանքը զոհած մեր բազմահազար նահատակների հիշատակին:  

3. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացը, Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև կոմունիկացիաների բացման, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա թուրք-ադրբեջանական միջանցք ստեղծելու գործընթացի բաղկացուցիչ մասն է, ինչը կործանարար ազդեցություն կարող է ունենալ հայոց պետականության համար հատկապես արցախյան հարցի չկարգավորվածության, Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և Ադրբեջանում բազմաթիվ ռազմագերիների առկայության պայմաններում:  

Ելնելով վերոգրյալ հիմնավորումներից՝ Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեն պահանջում է Նիկոլ Փաշինյանից հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության անունից չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որը կվերաբերի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը (այդ թվում՝ կստեղծի այդպիսի իրավական հիմք)»։