Այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Ժամը 14:00-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Խաչփառ գյուղում փոթորիկը տան տանիքներ է պոկել և շպրտել, տապալել էլեկտրասյուներ ու կոտրել հսկայական ծառեր:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այս պահին գյուղապետ Շահեն Մարտիրոսյանը տուն առ տուն արձանագրում է վնասները, իր մոտ նշում տուժած գյուղացիների տվյալները, որոնք ուղարկելու է Արարատի մարզպետարան:
Էլեկտրասյուների տապալման պատճառով գյուղը հոսանքազրկվել է:
Գյուղ են ժամանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արաքս» մասնաճյուղի ներկայացուցիչները, որոնք մի քանի բրիգադներով արդեն սկսել են աշխատանքներ՝ տապալված սյուները նորերով փոխարինելու համար, որպեսզի ժամերի ընթացքում վերականգնվի էլեկտրամատակարարումը:
Փոթորիկը նաև գյուղի գերեզմաններում է ավիրածություններ արել: