Դատախազությունը հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈՒ զինծառայողի անհետացման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
«2021թ. մայիսի 18-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժինը տեղեկացվել է այն մասին, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող տարածքից, ծառայության վայրից բացակայում է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մ.-ն՝ (ծնված 21.09.2002թ., զորակոչված 2021թ.՝ Տավուշի մարզային զինկոմիսարիատից:
Զինծառայողի գտնվելու վայրն այս պահին դեռևս հայտնի չէ։
Ն.Մ-ին ծառայության վայրում ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու, պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու մասին որևէ տվյալ այս պահին առկա չէ:
Տվյալներ չկան նաև զինծառայողի՝ հակառակորդի կողմում որևէ ձևով հայտնված լինելու վերաբերյալ: Չնայած տվյալ տարածաշրջանում պետական սահմանի հատվածում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ իրականացվում է ուժեղացված ծառայություն, տվյալ զինծառայողը մայիսի 18-ի դրությամբ չի գտնվել թշնամական ուժերի հետ անմիջական շփման հատվածում: Ամեն դեպքում որոնողական աշխատանքները շարունակվում են:
Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու, այլ նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նկատի ունենալով այս հանգամանքը՝ հորդորում ենք դեպքի կապակցությամբ չճշտված տեղեկություններ հրապարակելուց զերծ մնալ:
Նոր հանգամանքների պարզման պարագայում ՀՀ դատախազությունը պատշաճ կերպով կտեղեկացնի հանրությանը»:
Հիշեցնենք, որ ըստ ՊՆ հաղորդագրության՝ մայիսի 18-ին՝ ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:
Նախքան ՊՆ-ի հաստատումը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը հայտնել էր, որ Վարդենիսի տարածաշրջանում ժամկետային զինծառայող է կորել: