Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարծքում գտնվող հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում տեղի է ունեցել ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությունը:
Բացման պատիվը տրվել է քանդակագործ, կիսանդրու հեղինակ Յուրի Հովհաննիսյանին և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանին:
Ֆրանսահայ երգչի ստեղծագործություններով և պարերով հանդես են եկել «Արցախի բալիկներ» համույթի սաները և Արցախի պետական պարի համույթը:
«Անուրանալի է Շառլ Ազնավուրի դերը նաև Սպիտակի երկրաշարժի տարիներին: 2001 թվականին Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700- ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը՝ Մեծ եղեռնի հուշարձանի հավերժական կրակի առջև, Շառլ Ազնավուրը երգել է իր նշանավոր «Ավե Մարիա» երգը: Նա մշտապես աջակցել և կարեկցել է հայ ժողովրդին: Եվ այսօր՝ նրա ծննդյան օրը, հայ- ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող գողտրիկ պուրակում կանգնեցվել է նրա կիսանդրին: Հպարտ ենք, որ մեր կենտրոնը կրում է ազգանվեր գործչի անունը: Սիրելի´ Շառլ, Ձեր անունը միշտ վառ կմնա յուրաքանչյուր հայի սրտում»,- Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը:
Քանդակագործ Յուրի Հավհաննիսյանի խոսքով՝ մայիսը հայ ժողովրդի համար ճակատագրական հաղթանակների ամիս է, և պատահական չէ , որ տիեզերական մեծության Շառլ Ազնավուրը ծնվել է մայիսին։ Մի մարդ, ով այնքան սեր, հույս, հավատ, բարություն է մաղթել մարդկությանը:
«Ապրելով ու ստեղծագործելով արվեստների մայրաքաղաք Փարիզում՝ նա ՝ որպես պոետ ու երգիչ , Սայաթ-Նովայի ու ֆրանսիական ժողովրդական երգարվեստի ավանդույթների սինթեզով արարեց ինքնատիպ ու հոգեպարար երգը՝ դառնալով համայն մարդկության սիրո պատգամախոս: Նա ծնվեց և ապրեց՝ որպես հայ, և ստեղծագործեց՝ որպես ֆրանսիացի՝ դառնալով հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ: Այսօր, երբ հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ծանրագույն օրերից մեկը, մենք մեր կողքին տեսնում ենք Ֆրանսիային՝ իր վճռական հորդորով: Եվ որպես դրա առհավատչյա՝ Ազնավուրի կիսանդրին թող անզուգական փայլ հաղորդի Արցախի մայրաքաղաքին՝ ի փառս հայ և ֆրանսիական ժողովուրդների դարավոր բարեկամության , և մղի մեզ նորանոր հաջողությունների: Հուշարձանը երախտիքի խոսք է հայ ժողովրդի արցախյան հատվածի կողմից ֆրանսիական ժողովրդին»,- մանրամասնել է Հովհաննիսյանը:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Ահ ԿԳՄՍ փախնախարար Գայանե Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, արվեստասեր հասարակությունը, ուսուցիչներ, աշակերտներ, ովքեր ծաղիկներ խոնարհեցին մեծն շանսոնյեի կիսանդրու պատվանդանին: