կարևոր
1264 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-22 10:25

Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 97 տարեկան

Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 97 տարեկան

Ես շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում:

Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից) նա  տարբեր լեզուներով՝  ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, նեապոլիտաներեն ձայնագրել է մոտ 1200  երգ:

Դերասանական ունակություններն Ազնավուրը ժառանգել էր մորից՝ նախկին դերասանուհուց։ 5 տարեկանում արդեն հանդիսատեսի առաջ հանդես էր գալիս ջութակով, իսկ 9 տարեկանում ռուսական պարերով էր հանդես գալիս։ Միևնույն ժամանակ, նա սկսել է երգել տեղի եկեղեցու երգչախմբում։ 

Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և իր և այլ երաժիշտների համար։ 

Շառլը ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է, որը ըստ Ստեֆան Օլդենի «ֆրանսիական փոփ երաժշտության արքան» է։ 

Չմոռանալով ֆրանսիական մշակույթը նա 1995 թվականից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում։

1988  թ-ի Սպիտակի երկրաշարժի օրերին անմիջապես Հայաստան եկավ, ստեղծեց «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամն ու այդ ժամանակվա աշխարհահռչակ երաժիշտների հետ ձայնագրեց «Քեզ համար, Հայաստան» երգը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը ևս փոխանցվեց երկրաշարժից տուժած հազարավոր ընտանիքների:

2008 թվականին նա ստացել է Հայաստանի քաղաքացիություն և 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

2010 թվականին նա ստանում է «Victoires de la Musique» մրցույթի գլխավոր մրցանակը։  2011 թվականից սկսվեց Ազնավուրի նոր համաշխարհային շրջագայությունը՝ «Aznavour en Toute Intimité» խորագրով։ Նույն թվականին թողարկված նոր՝ «Aznavour toujours» ալբոմը Ֆրանսիայի և Բելգիայի հիթ-շքերթներում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։  2017 թվականի օգոստոսի 24-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը:

Շառլ Ազնավուրը ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի հետ (1946 թվականի մարտի 16), երկրորդ անգամ Էվելին Պլեսիսի հետ (1955 թվականի հոկտեմբերի 28) և երրորդ անգամ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ (1967 թվականի հունվարի 11)։ Այս ամուսնությունների արդյունքում ունեցել է 5 երեխա՝ Սեդան, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան։ 

Շանսոնյեն իր գործունեության ընթացքում արժանացել է մի շարք պարգևների:

Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին իր Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող տանը։ Դիահերձումից հետո պարզ դարձավ, որ մահվան պատճառը թոքերի այտուցն է։  

Հոկտեմբերի 5-ին Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, երկրի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, որը նրան անվանեց «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»։

Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թվականին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ. դրվել է մադամ Տյուսոյի թանգարանում: 2009-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը: