Գորիսիս համայնքապետ Առուշ Առուշանյանը մայիսի 20-ին ծանուցում է ստացել ներկայանալու Քննչական կոմիտե, թե ինչո՞ւ՝ Առուշ Առուշանյանը տեղյակ չէ։ Այս մասին 168.am–ի հետ զրույցում Առուշանյանն ասել է, թե տեղյակ չէ՝ որտեղից են լրատվամիջոցներն այդ տեղեկատվությունն այդքան արագ իմացել։
«Ինձ կանչել, ծանուցում են տվել, պոստերից իջել, ստացել եմ, նորից բարձրացել եմ։ Ծանուցման մեջ գրված է, որ ներկայանամ երկուշաբթի օրը, բայց դեռ չգիտեմ՝ երբ կներկայանամ, որովհետև՝ կապված իրավիճակի հետ, հնարավոր է՝ չգնամ, եթե վիճակը ստաբիլ եղավ՝ կգնամ, եթե ոչ՝ չեմ գնա, օրը թող փոխեն, հետո կգնամ։ Տեղյակ չեմ ինչու են կանչել Քննչական»,- նշել է Առուշ Առուշանյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ իր ակտիվ գործունեության հետ է կապված, մասնավորապես, որ այս օրերին դիրքերում է, Առուշանյանը պատասխանել է, որ դժվարանում է ասել՝ իր դիրքերում գտնվելու և Քննչական կոմիտեից ծանուցում ստանալու միջև կապող օղակ չի կարողանում գտնել։
«Զանգահարել են, իջել եմ՝ ծանուցումը վերցրել եմ, չեմ էլ ուզում շատ դետալների մեջ մանրանալ»,- հավելել է նա։
Կկաշկանդի՞ այս ամենն իր ակտիվ գործունեությանը, կշարունակի՞ բարձրաձայնել իշխանությունների թերությունների ու անգործության մասին՝ հարցերին, Գորիսի համայնքապետը պատասխանել է.
«Այդ կաշկանդված բառն առհասարակ իմ տեսակից հեռու է։ Այս պոստերում հո միայն ես չեմ, այսօր հարյուրավոր մարդիկ են կանգնել իրենց հայրենիքը պաշտպանելու, թող ինձ տանեն, այստեղ շատ մարդիկ են կանգնած։ Այսինքն՝ այնպես չէ, որ ինձ տարան, ինչ-որ բան կարող է փոխվել։ Ես որպես ՀՀ քաղաքացի, այստեղ ծնված մարդ, իմ պոստերն եմ պահում, խնդիրը ո՞րն է»։
Ինչ վերաբերում է սահմանայաին ընդհանուր իրավիճակին ու բանակցությունները վերսկսելու ժամկետներին, Առուշանյանն ասել է, որ ինքը բանակցային գործընթացներին մասնակցություն չունի, իսկ սահմանային վիճակում որևէ փոփոխություն չկա։
«Փաստն այն է, որ թշնամին 3-3,5 կիլոմետր առաջ է եկել, մենք էլ գնացել՝ իրենց դիմաց կանգնել ենք, մինչև այժմ նույն վիճակն է, թուրքերի հետ մի քանի մետրի վրա կանգնած ենք»,- եզրափակել է համայնքապետը:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինված կազմավորումներն առաջացել են Սյունիքի մարզի տարածքում, շրջանցելով Իշխանասարը մոտ երեք կիլոմետր առաջացել են Վերիշեն գյուղի ուղղությամբ։ Նույն օրը տեղեկություններ եկան, որ ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում Վարդենիսի տարածքում նույնպես առաջ են եկել, իջել են ներքև՝ դեպի Վերին Շորժա գյուղ։ Մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։