կարևոր
1336 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-20 13:59

Սոցիոլոգի դիտարկմամբ՝ այս անգամ ՔՊ-ն շանս չունի կրկնելու 2018-ի արդյունքները եւ ձեւավորի կառավարություն

Սոցիոլոգի դիտարկմամբ՝ այս անգամ ՔՊ-ն շանս չունի կրկնելու 2018-ի արդյունքները եւ ձեւավորի կառավարություն

Մի շարք քաղաքական ուժեր արդեն որոշում են կայացրել՝ մասնակցելու են հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Ընտրություններին մասնակցության մասին արդեն հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Հանրապետություն», «Եվրոպական», «Արդար Հայաստան», «Քաղաքացու որոշում» կուսակցությունները, ՀԱԿ-ը, ինչպես նաև ձևավորվում են նոր դաշինքներ: Այսպես Արման Բաբաջանյանը և Լևոն Շիրինյանը միավորվել են՝ ստեղծելով «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք», ՀՀԿ-ն և «Հայրենիքը» ստեղծել են «Պատիվ ունեմ» դաշինքը, իսկ ՀՅԴ-ն ու նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները միավորվել են Ռոբերտ Քոչարյանի շուրջ:

Հայկական ժամանակի հետ զրույցում սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը նշել է, որ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած այս ուժերին դիտարկելով, կարող ենք կարծել՝ նոր ձեւավորվող խորհրդարանում կլինի 4 կամ 5 ուժ:

«Խորհրդարանում կտեսնենք «Քաղաքացիական պայմանագրին», «Բարգավաճ Հայաստանին», «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին եւ ՀԱԿ-ին»,- նկատել է Պողոսյանը:

Նրա խոսքով՝ այս խորհրդարանում չենք տեսնի «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը.

«ԼՀԿ-ն միայնակ չի կարողանա հայտնվել խորհրդարանում: 2018-ին ԼՀԿ-ն հայտնվեց ԱԺ-ում ՔՊ-ի հետ միասին: Հասարակությունը որպես ընդդիմություն մեծ սպասելիքներ ուներ «Լուսավոր Հայաստանից», բայց նրանք իրենց ընտրողներին հիասթափեցրին: Իրենք այդպես էլ լուրջ ընդդիմություն չդարձան: ԼՀԿ-ին բոլորն ընկալում էին որպես «Իմ քայլ»-ի արբանյակ: Ինքնուրույն դիրքորոշում իրենք չունեն: ԲՀԿ-ն էլ ուժեղ ընդդիմություն չի եղել, իհարկե, բայց նրանք ունեն եւ մարդկային, եւ ֆինանսական ռեսուրսներ, ունեն մեծ քաղաքական փորձ, այդ իսկ պատճառով իրենց 10 տոկոսը միշտ կարողանում են հավաքել»:

Նկատառմանը, որ շատերը սպասում էին ՀՀԿ- Քոչարյան դաշինքին, ինչը տեղի չունեցավ, արդյոք դաշինքների այսպիսի դասավորվածությունը («Հայրենիք»-ՀՀԿ, եւ Քոչարյան- ՀՅԴ-Վերածնվող Հայաստան), ավելի ձեռնտու են Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, Պողոսյանը նշեց, որ ՀՀԿ-ն ու Քոչարյանը չէին կարող միանալ. «ՀՀԿ-ն ասոցացվում է նախկինների հետ, Քոչարյանի համար «Հայաստան» դաշինքով ընտրություններին մասնակցելը ճիշտ ընտրություն էր: Այսպես իր գործոնն ավելի է ընդգծվում, խորհրդարան անցնելու շանսերը մեծ են, քան ՀՀԿ-ի հետ»:

Սոցիոլոգի դիտարկմամբ՝ մեծամասնություն կազմելու համար պայքարը երկու ուժերի միջեւ է ընթանալու. «Հիմնական պայքարը լինելու է ՔՊ-ի եւ Քոչարյանի դաշինքի միջեւ: Այս անգամ ՔՊ-ն, սակայն, շանս չունի կրկնելու 2018-ի արդյունքները, կարող է հավաքել մինչեւ 35 տոկոս ձայն: Մեծամասնություն հնարավոր է դառնալ միայն արդեն խորհրդարանի ներսում դաշինքներ կազմելով, սակայն, կարծում եմ, այդ դաշինքները հեշտությամբ կկազմվեն, երկրորդ փուլի կարիք չի լինի»:

Խոսելով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս քաղաքական ուժերի մասին, Գեւորգ Պողոսյանն ասել է, որ մնացյալ ուժերը շանս չունեն ԱԺ-ում հայտնվելու.

«Քաղաքագետները մի խոսք ունեն, ասում են՝ Spoiler կուսակցություններ, դրանք այն կուսակցություններն են, որոնք գնում են ընտրություններին ուղղակի ձայներ վերցնելու համար»:

Դիտարկմանը, որ 2018-ի արտահերթ ընտրություններին մեծ էյֆորիա կար, հեղափոխությունը նոր էր եղել, սակայն ընտրությունների մասնակցության տոկոսը բավականին քիչ էր՝ 48, 63 տոկոս, եւ հարցին՝ այս ընտրություններին կտեսնենք քաղաքացիների մասնակցության ավելի ցա՞ծր, թե՞ բարձր մասնակցություն, սոցիոլոգը նշեց. «Իմ կարծիքով՝ այս ընտրություններին մասնակցության տոկոսն ավելի բարձր կլինի, քանի որ ընտրություններին մասնակցող կուսակցություններն այս անգամ շատ են, իսկ ամեն մեկն ունի ընտրողների զանգվածը, շահագրգռվածությունն ավելի մեծ է: Գտնում եմ՝ այս անգամ մասնակցությունը կկազմի 50-55 տոկոս: Անցած ընտրություններին, այո, էյֆորիան մեծ էր, շատերը չգնացին ընտրություններին, քանի որ գիտեին ելքն ինչպիսին է լինելու»:

Խոսելով արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, Գեւորգ Պողոսյանն ասել է, որ հարցումները ցույց են տալիս՝  քաղաքացիները սպասում էին սրան.

«Քաղաքացիների մեծ մասը սպասում էին արտահերթ ընտրությունների անցկացմանը, քանի որ տեսնում են նոր խորհրդարան ունենալու անհրաժեշտություն»: