կարևոր
1981 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-19 21:41

Հայկ Հեքիմյանը զնդանված է ոստիկանին հարվածելու պատրվակով, մինչդեռ անգամ քննչական մարմիններն են ընդունում՝ առաջինը հարվածել է ոստիկանը

Հայկ Հեքիմյանը զնդանված է ոստիկանին հարվածելու պատրվակով, մինչդեռ անգամ քննչական մարմիններն են ընդունում՝ առաջինը հարվածել է ոստիկանը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հիշեցրել է, որ արդեն 21 օր է կալանավորված է Գլխավոր դատախազության մոտ ի պաշտպանություն սյունեցիների բողոքի ակցիա իրականացնողներից Հայկ Հեքիմյանը։

«Այս իշխանությունները զրոյացնում են ոչ միայն մեր ազգային արժանապատվությունը, այլև դիմադրողականությունը։

Արդեն 21 օր է՝ ինչ արժանապատիվ սյունեցիների նկատմամբ «բեսպրեձելի» դեմ Գլխավոր դատախազության առջև բողոքի ակցիայի մասնակից Հայկ Հեքիմյանը զնդանված է։ Նրան զնդանելու պատրվակը ոստիկանին հարվածելն է, մինչդեռ նույնիսկ քննչական մարմիններն են ընդունում, որ առաջինը հարվածողը ոստիկանն է եղել։

Ավելին, արդեն 6 օր է՝ Հայկին արհեստականորեն ու ապօրինի զրկում են իր անազատությունը վերաքննիչ դատարանում վիճարկելու հնարավորությունից։

Ազատությու՛ն քաղբանտարկյալ Հայկ Հեքիմյանին»։

Հիշեցնենք, որ Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Այնուհետև ապրիլի 24-ին քննիչը կալանավորման միջնորդություն էր մուտք արել դատարան և ամսի 25-ին, ըստ քննիչի, դատական գործը մակագրվել էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։ Դրանից հետո, անհասկանալի պայմաններում, գործը վերամակագրվել էր դատավոր Գագիկ Պողոսյանին։