Սահմանադրական դատարանը վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով գլխավոր դատախազի դիմումը:
Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանը ապրիլի 1-ին դիմել էր սահմանադրական դատարան՝ որոշելու Սահմանադրական կարգի տապալման գործով կիրառման ենթակա՝ մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու լիազորությունը սահմանող՝ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի սահմանադրականության հարցը: Այլ կերպ ասած՝ եթե Բարձր դատարանը գտներ, որ այդ նորմերը հակասահմանադրական են, ապա Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին առաջադրված մեղադրանքը հնարավոր կլիներ փոխել:
ՍԴ-ն, սակայն, մերժել է քննել գլխավոր դատախազի դիմումը՝ գտնելով, որ գլխավոր դատախազն իրավասու չէ դիմել Սահմանադրական դատարան՝ դատական քննության փուլում քննվող քրեական գործով կիրառման ենթակա նորմի Սահմանադրությանը համապատասխանության հարցով: Դատախազությունն էլ իր հերթին Բարձր դատարանի այս որոշումը համարում է հակասահմանադրական, սահմանադրական դատարանի որոշման սահմանադրաիրավական արժեքը նսեմացնելու օրինակը չունեցող, նախկինում երբեք չդրսեւորված ակտ:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր էր ճանաչել ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրված Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գևորգյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին։ Այս հոդվածով մեղադրանքը նրանց նկատմամբ դադարեցվել է: