Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու Ռուսաստանի առաջարկությանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունն ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար: Այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու ՌԴ առաջարկի վերաբերյալ ՀՀ մոտեցումը:
«Մայիսի 18-ին ռուսական կողմից ստացվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկություն: Դրան ի պատասխան, հայկական կողմը ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար: Բարձր ենք գնահատում ռուսական կողմի ջանքերը ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել սերտ համագործակցությունը, միաժամանակ ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար տարածքային ամբողջականության լիարժեք պահպանումը քննարկման առարկա չի կարող լինել: Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմի վերջին գործողություններն ակնհայտորեն միտված են ՀՀ, ՌԴ եւ ԱՀ առաջնորդների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին արված հայտարարություններով ստանձնած սեփական պարտավորությունները չկատարելուն»,-նշել է Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինված կազմավորումներն առաջացել են Սյունիքի մարզի տարածքում, շրջանցելով Իշխանասարը մոտ երեք կիլոմետր առաջացել են Վերիշեն գյուղի ուղղությամբ։ Նույն օրը տեղեկություններ եկան, որ ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում Վարդենիսի տարածքում նույնպես առաջ են եկել, իջել են ներքև՝ դեպի Վերին Շորժա գյուղ։