Մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Տարոն Ֆիլիպոսյանի աշխատանքների ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հայրերը, Տարոնի հարազատները, ընկերներն ու տասնյակ արվեստասերներ:
Տարոնը Սիսիանի Զ. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցի սան է եղել, 2017 թվականին ընդունվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժինը։ 2019 թ․ զորակոչվել է բանակ, ծառայում էր Արցախում: Տաղանդաշատ նկարիչ-քանդակագործ Տարոնի կենսագրությունը ներկայացնելիս նշեցին, որ նրա վերջին քանդակը եղել է մարգարեական. քանդակված է մակույկում կանգնած մարդ՝ սրտին անցք՝ ճիշտ այնպես, ինչպես վիրավորվել է ինքը։