կարևոր
2488 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-19 10:15

ՀԱՊԿ ԱԳ նախարարները քննարկել են Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը. Լավրով

ՀԱՊԿ ԱԳ նախարարները քննարկել են Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը. Լավրով

ՀԱՊԿ արտգործնախարարները երեկ քննարկել են Սյունիքիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: «Ուզում եմ ասել, որ երեկ մենք ոչ ֆորմալ ռեժիմով սկսել ենք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը»,- այսօր Դուշանբեում Տաջիկստանի իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում ասել է Սերգեյ Լավրովը:

Նշենք, որ երեկ Ռուսաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել էր Տաջիկստան: Նա բանակցություններ է վարելու ՀԱՊԿ-ում նախագահող Տաջիկստանի արտգործնախարարի հետ եւ մասնակցելու է այսօր Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որը կորոնավիրուսի համավարակի տարածումից հետո առաջին անգամ է անցկացվելու «դեմ առ դեմ» ձեւաչափով:

Հիշեցնենք, մայիսի 12-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ Սյունիքի մարզի Սեւ լճի հատվածում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կիլոմետր, նմանատիպ ներթափանցումներ եղել են նաեւ Գեղարքունիքի մարզի որոշ ուղղություններում: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մի քանի այլ փորձեր էլ կանխվել են:

Մինչ այս պահն ադրբեջանական կողմի հետ, այդ թվում` ռուսական կողմի մասնակցությամբ ընթացած բանակցություններն արդյունք չեն տվել. Հայաստանի տարածք մտած ադրբեջանական ուժերի հիմնական մասը դեռեւս չի կատարում մեր տարածքից անհապաղ դուրս գալու՝ Հայաստանի հնչեցրած պաշտոնական պահանջը: