ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է Հայաստան մուտք գործելու COVID-19-ի հետ կապված ընթացակարգի փոփոխությունները։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, փոփոխությունները հետևյալն են.
ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021թ. մայիսի 17-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն.
ԱՐՄԵԴ համակարգում գրանցված անձանց դեպքում պատվաստման սերտիֆիկատը կարող է ներկայացվել ArmedeHealth բջջային հավելվածով։ Անձը կարող է բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից արտահանված թղթային տարբերակով ներկայացնել պատվաստման վերաբերյալ տեղեկանք՝ պաշտպանված QR կոդով:
Սերտիֆիկատ չունեցող անձինք ենթակա են նմուշառման օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:
Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:
Բացասական թեստի կամ պատվաստման սերտիֆիկատ չներկայացրած և նմուշառումից կամ հետազոտությունից հրաժարվելու դեպքում կիրառվում է մեկուսացում 14 օրացուցային օրով։
ՊՇՌ հետազոտության հետ կապված ծախսերը հոգում է քաղաքացին։
*Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունը/պատվաստումն իրականացրած բժշկական կառույցի բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով հետազոտված/պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը, պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, առաջին և երկրորդ դեղաչափի ներարկման տարեթվերը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով: