կարևոր
2194 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-18 18:57

Մի ցուցանմուշի պատմություն. Քարաշամբի գավաթը՝ հին արևելյան կիրառական արվեստի գլուխգործոց. ՏԵՍԱՆՅՈւԹ

Թեեւ,«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության բյուրոյի նախկին անդամ ու Գերմանիայում Հայաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը առավել մեծ ճանաչում ձեռք էր բերել որպես քաղաքական գործիչ, հնագիտության ոլորտը նրա համար մի ուրիշ աշխարհ էր:

Միջինբրոնզեդարյան իշխանական մի դամբարանից կատարած պեղումների արդյունքում թաղման հարուստ գույքի մեջ Վահան Հովհաննիսյանը հայտնաբերել էր մ.թ.ա. 22-21-րդ դարերի արծաթ դրվագազարդ մի գավաթ, որի վրա պատկերված ասիական հագուստով արքայի պատկերը, մարտի, գլխատման տեսարանները վկայում են այն մասին, որ հազարամյակներ առաջ այս տարածքում եղել է ասիական թագավորություն:

Գավաթի իրանին արված վեց հորիզոնական դրվագազարդ գոտիների վրա ներկայացված է հնագույն հնդեվրոպական առասպելական սյուժե՝ հերոսի կողմից իրականացված վարազի որսի, դրա հետեւանքով երկու ցեղերի միջեւ ծագած գժտության, մարտի եւ պարտված կողմի առաջնորդների մահապատժի տեսարաններով: Այդ սյուժեն կապվում է հնդեվրոպական դիցաբանական պատկերացումների հետ: Իսկ այս փաստը խոսում է միջին բրոնզի դարում Հայաստանի եւ Կենտրոնական Անդրկովկասի տարածքը բնակեցնող թռեղք-կիրովականյան մշակույթի կրողների հնդեվրոպական ծագման մասին:

Այսօր՝ թանգարանների միջազգային օրը, Պատմության թագարանը կներկայացնի Վահան Հովհաննիսյանի հայտնաբերած Քարաշամբի գավաթի՝ բրոնզեդարյան գտածոյի մասին պատմող տեսահովովակը: Նշենք, որ մի քանի տարի առաջ Կիլիկիայի Հայոց թագավորության 800 ամյակին նվիրված Լուվրում կայացած ցուցահանդեսի պաստառի վրա եւս այդ գավաթի լուսանկարն է տեղադրված եղել։