Միացյալ Նահանգների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Նիկոլ Փաշինյանից բացի առանձին հեռախոսազրույց է ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահի հետ: Սպիտակ տունը 2 հեռախոսազրույցների մանրամասները մեկտեղել է մեկ հաղորդագրությունում:
Ըստ այդմ, Սալիվանը մտահոգություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վերջին լարվածության դեպքի առթիվ ու շեշտել, որ ռազմական տեղաշարժերը չդեմարկացված, այսինքն՝ չսահմանահատված սահմանների մոտ անպատասխանատու եւ սադրիչ քայլեր են:
Ի դեպ, ուշագրավ է, որ Վաշինգտոնն այս անգամ փաստացի հրաժարվել է «վիճելի տարածքներ» ձերակերպումից՝ փոխարենը նախընտրելով «չսահմանահատված սահմաններ» եզրույթը: Բացի այդ, խորհրդականը կարեւորել է, որ երկու երկրները պետք է պաշտոնական քննարկումներ անցկացնեն՝ իրենց միջազգային սահմանը սահմանազատելու համար:
Սալիվանը, ըստ ամերիկյան կողմի, նաեւ ողջունել է երկու կողմերի միջեւ շարունակվող շփումները ու երկու ղեկավարների հանձնառությունը՝ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Իսկ ահա հեռախոսազրույցի մասին հայկական կողմի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների առնչությամբ եւ ընդգծել նրանց վերադարձի ապահովման կարեւորությունը: Սակայն գերիների մասին որեւէ բառ Սպիտակ տան հաղոդագրությունում չի նշվում:
Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբն արձանագրում է՝ իրենց տեւական եւ հետեւողական քարոզչական ու դիվանագիտական աշխատանքների, Կոնգրեսի երկու կուսակցությունների վրա գործադրած ճնշումների շնորհիվ է, որ 24 ժամվա մեջ Վաշինգտոնի դիրքորոշումը 180 աստիճանով փոխվեց:
Ընդամենն օրեր առաջ՝ մայիսի 13-ին էր ամերիկյան Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարություն արել ու կողմերին հորդորել զսպվածություն ցուցաբերել, իսկ այսօր արդեն ամերիկյան կողմը հրապարակային զորքերը հետ քաշելու կոչ է անում Ադրբեջանին: