կարևոր
2734 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-18 12:59

Վահան Հովհաննիսյանի հայտնաբերած Քարաշամբի գավաթը եզակի երևույթ է Հայաստանի և Անդրկովկասի հնագիտության պատմության համար

Վահան Հովհաննիսյանի հայտնաբերած Քարաշամբի գավաթը եզակի երևույթ է Հայաստանի և Անդրկովկասի հնագիտության պատմության համար

Հայաստանի պատմության թանգարանը Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ ներկայացրել է «Քարաշամբի գավաթը․ պատմության քառասունդարյա վկան» անիմացիոն հոլովակը:

Հայաստանի պատմության թանգարանում պահվող այս աշխարհում եզակի գավաթը գտնվել է Կոտայքի մարզի Քարաշամբ բնակավայրի միջին բրոնզեդարյան դամբարաններից մեկում՝ հնագետը Վահան Հովհաննիսյանն է: Նրա համար հնագիտությունն աշխահի ամենալավ մասնագիտությունն էր: «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության բյուրոյի նախկին անդամի ու Գերմանիայում Հայաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպանի համար հնագիտության ոլորտը ուրիշ աշխարհ էր, ու նա շատ էր ափսոսում, որ քաղաքականությունն իրեն զրկել էր այդ աշխարհում լինելու հնարավորությունից:  

«80-ականներն էին, հերթական պեղումից հետո Վահանը գիշերով եկավ մեր տուն, ասաց, որ հազարամյակների պատմություն ունեցող ոսկե գավաթ է գտել, որն իր մոտ է: Նա չէր գիշերել այդ գյուղում՝ վախենալով, որ միգուցե, գտածոն գողանան... Այդ օրը մենք նշեցինք առիթը, անգամ  գինի խմեցինք հենց  պատմական գավաթից,  որը հաջորդ օրը տարան թանգարան»,- «Հետքի» հետ զրույցում պատմել է Ռուբեն Բաբայանը: 

Վահան Հովհաննիսյանի կատարած պեղումներից, սակայն, առանձնանում է մեկ այլ գավաթ, որն իր ինֆորմացիոն նշանակության առումով ոչ միայն արժեքավոր է, այլև՝ բացառիկ: Երբ նա 1987 թվականին հերթական պեղումներն էր անում, այս անգամ Կոտայքի մարզի Քարաշամբ բնակավայրում: Միջինբրոնզեդարյան իշխանական մի դամբարանից կատարած պեղումների արդյունքում թաղման հարուստ գույքի մեջ Վահան Հովհաննիսյանը հայտնաբերել էր մ.թ.ա.  22-21-րդ դարերի  արծաթե  դրվագազարդ մի գավաթ, որի վրա պատկերված ասիական հագուստով արքայի պատկերը, մարտի, գլխատման տեսարանները վկայում են այն մասին, որ հազարամյակներ առաջ այս տարածքում  եղել է ասիական թագավորություն: Եվ պատահական չէ, որ Վահան Հովհաննիսյանն իրեն բախտավոր հնագետ էր համարում: Այս պարագայում ևս բախտը ժպտացել էր նրան,  և հաջողվել էր  գտածոն հայտնաբերել  հրաշալի վիճակում: Հայաստանում տեղական արտադրության գավաթի առկայությունն ապացույցն է այն բանի, որ մեր երկիրը  բավական լուրջ արտադրական և մշակութային կենտրոն է եղել և սերտ կապեր է ունեցել  խեթական աշխարհի և Միջագետքի կենտրոնների հետ: Փաստորեն, այն ժամանակ Հայաստանի տարածքում ապրել են հնդեվրոպական ցեղեր:

Գավաթի իրանին արված վեց հորիզոնական դրվագազարդ գոտիների վրա ներկայացված է հնագույն հնդեվրոպական առասպելական սյուժե՝ հերոսի կողմից իրականացված վարազի որսի, դրա հետևանքով երկու ցեղերի միջև ծագած գժտության, մարտի և պարտված կողմի առաջնորդների մահապատժի տեսարաններով: Այդ սյուժեն  կապվում է հնդեվրոպական  դիցաբանական պատկերացումների հետ: Իսկ այս փաստը խոսում է միջին բրոնզի դարում  Հայաստանի եւ Կենտրոնական Անդրկովկասի տարածքը  բնակեցնող թռեղք-կիրովականյան մշակույթի կրողների հնդեվրոպական ծագման մասին:

Այս գավաթը, որն այժմ իր կարեւոր տեղն ունի Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների շարքում, գալիս է խոսելու  էլ ավելիի մասին՝ համարվելով  եզակի երևույթ Հայաստանի և Անդրկովկասի հնագիտության պատմության համար: