կարևոր
2245 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-18 12:14

ՊՆ-ն հայտնում է, որ բանակցությունները կշարունակվեն վաղը. ադրբեջանցի զինվորականները պարտավոր են առանց նախապայմանների լքել ՀՀ տարածքը

ՊՆ-ն հայտնում է, որ բանակցությունները կշարունակվեն վաղը. ադրբեջանցի զինվորականները պարտավոր են առանց նախապայմանների լքել ՀՀ տարածքը

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 18-ի առավոտյան դրությամբ, փոփոխություններ չեն արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ԶՈՒ կողմից մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո։

Իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը։

Թե՛ Սյունիքի, և թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից։ Նախատեսվում է, որ ստեղծված իրադրության լիարժեք հանգուցալուծման շուրջ բանակցությունները կշարունակվեն վաղը՝ մայիսի 19-ին։

ՀՀ զինված ուժերը, կարևորելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, և շեշտում է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները բացարձակ անընդունելի են։

Ադրբեջանցի զինվորականները պարտավոր են առանց նախապայմանների լքել Հայաստանի Հանրապետության տարածքը և հետայսու ձեռնպահ մնալ նմանատիպ սադրանքներից: