կարևոր
724 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-05-18 09:37

29 տարի առաջ՝ 1992 թվականի մայիսի 18-ին, հայկական զինված ուժերը ազատագրեցին Հայաստանը Արցախին կապող Բերձոր քաղաքը

29 տարի առաջ՝ 1992 թվականի մայիսի 18-ին, հայկական զինված ուժերը ազատագրեցին Հայաստանը Արցախին կապող Բերձոր քաղաքը

29 տարի առաջ այս օրն ազատագրվեց Լաչինը: Հիմա արդեն անվանափոխված Բերձորի ազատագրման արդյունքում բացվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը եւ ճեղքվեց Ղարաբաղի շրջափակման օղակը:

Քաղաքի միջով անցնող ճանապարհը՝ Լաչինի միջանցքը մինչեւ հիմա համարվում է երկու հայկական պետություններն իրար կապող ամենահարմար «երակը», իսկ այն ժամանակ այն «կյանքի» միջանցք էր Արցախի համար: Քաղաքի ազատագրումով սկսվեց նաեւ ամբողջ շրջանի՝ Քաշաթաղի շրջանի ազատագրումը:

Արցախը ծանրագույն վիճակում էր՝ չկար էլեկտրա եւ գազամատակարարում: Զինամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի անհրաժեշտ նվազագույն քանակը տեղափոխվում էր քաղավիացիայի ուժերով:

Մայիսի 13-ին շարունակվեց հայկական ուժերի կենտրոնացումը Զարասլի գյուղի մոտ, որը գտնվում է Շուշիի ու Լաչինի միջեւ: Այստեղ կենտրոնացվել էին զրահատեխնիկայի տասնյակ միավորներ եւ մեծաքանակ կենդանի զինուժ: Լաչինի հետ կապը խզված էր, այնտեղ ավերված էին հիվանդանոցը, դպրոցը, տեղական կառավարման մարմնի շենքը:

Մայիսի 15-ին հայկական ջոկատները գրոհեցին բարձունքում գտնվող Աղդամի շրջանի Գյուլաբլու գյուղը: Ադրբեջանական զորքերը, ունենալով քանակային եւ դիրքային առավելություն, ետ մղեցին գրոհը: Գյուլաբլիի բարձունքից հակառակորդը գնդակոծում էր Ստեփանակերտի եւ հայկական այլ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը: Մայիսի 17-ին հայկական ուժերը հետ մղեցին ադրբեջանական բանակի գրոհը Շուշիի ուղղությամբ, որին մասնակցեց շուրջ 1000 զինվոր՝ 20 տանկերի ու այլ զրահատեխնիկայի մասնակցությամբ:

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբի տվյալներով, Լաչինում փոխհրաձգություն էր ընթանում ադրբեջանցիների զինված ուժերի ու տեղաբնակ քրդերի միջեւ: Սակայն, երբ վերսկսվեց երթեւեկությունը Բերձորից Գորիսի շրջան շրջանցիկ ճանապարհով, ադրբեջանական ջոկատները, տեղի բնակչության հետ միասին, սկսեցին շտապ հեռանալ Լաչինից:

Մայիսի 18-ին ՀՀ խորհրդարանի առավոտյան նիստում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտնեց, որ բացվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող ճանապարհը: Օրվա երկրորդ կեսին Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը խոստովանեց Լաչինի անկումը: 

28 տարի անց, սակայն Արցախը նորից անջատվեց Սյունիքից, Բերձորը հայաթափվեց, բայց մեր պայքարն ավարտված չէ, և այն հաղթական վախճան է ունենալու: