կարևոր
1672 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-17 22:12

Ադրբեջանական զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում

Ադրբեջանական զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում

Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ, էական փոփոխություններ չի կրել։ Մայիսի 16-ին կայացած բանակցություններից հետո Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր։ Այդուհանդերձ, զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայութությունից։

Խնդրի խաղաղ հանգուցալուծման շուրջ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարն այսօր քննարկումներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՌԴ ԱԴԾ ՍԾ տնօրենի հետ, պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել են ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները։

Պաշտպանության նախարարությունը վերստին հայտարարում է, որ բացարձակ անընդունելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգություն, և անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումներից խուսափելու համար ադրբեջանցի զինվորականները պարտավոր են հեռանալ մեր երկրի տարածքից՝ առանց որևէ նախապայմանի։

Հիշեցնենք, որ վերջին բանակցությունները տեղի են ունեցել երեկ՝ մայիսի 16-ին, որը վարել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը, սակայն մինչ  այս պահը որևէ հստակ պաշտոնական տեղեկություն չկա ինչի շուրջ են բանակցել և ինչ կոնկրետ արդյունքներ են գրանցվել։