Սյունիքից մեր աղբյուրները հայտնում են, որ քիչ առաջ Սյունիքում բանակցություններն ավարտվել են, որոնք վարում էր ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը:
Բանակցությունների վերջնական արդյունքները դեռևս անորոշ են։ Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը գրում է. «Հավանաբար, լավ է լինելու, նահանջի մասին խոսակցություններ կան, իսկ թե որքանով` առաջիկայում կերևա»։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինված կազմավորումներն առաջացել են Սյունիքի մարզի տարածքում, շրջանցելով Իշխանասարը մոտ երեք կիլոմետր առաջացել են Վերիշեն գյուղի ուղղությամբ։ Նույն օրը տեղեկություններ եկան, որ ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում Վարդենիսի տարածքում նույնպես առաջ են եկել, իջել են ներքև՝ դեպի Վերին Շորժա գյուղ։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
Մայիսի 13-ի Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում և հավելեց, որ Սյունիքում Ադրբեջանի հրահրած սադրանքներից հետո Հայաստանը դիմում է Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:
Այսօր ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից:
Շուրջ 5 օր է՝ ՀՀ ինքնիշխան տարածք մուտք գործած ադրբեջանցիների հետ Սև լճի տարածքում բանակցություններ են ընթանում, որոնք ավարտվում էին ապարդյուն: Երեկ՝ մայիսի 15-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում շարունակվող բանակցություններին մասնակցել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովը: