Տիգրան Ավինյանն այսօր լուսանկարներ է հրապարակել Սյունիքից և գրել «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Նարեկ Ղահրամանյանի հետ այսօր գնացել էինք Սև լիճ»:
Նախ այդ հրապարակման տակ բավականին շատ մարդ նշեց, որ լուսանկարի մեջ պատկերված տեղանքը Սև լիճը չէ, ապա լրագրող Նաիրի Հոխիկյանը գրեց՝ «Ձեզ խաբել են, դուք գնացել եք ոչ թե Սև լիճ, այլ այդ տարածքին հարակից, ավելի փոքր, դեպի Գորիս ընկած Սագի լիճ, իսկ Ձեր թիկունքի լճակը նույնիսկ Սագի լիճը չէ, այլ դրա կողքի փոքրիկ, շատ փոքրիկ լճակը, որը ևս մեր հսկողության տակ է և շատ հեռու է ադրբեջանական զորքից»։
Իսկ առանձին գրառմամբ Նաիրին իր էջում պարզաբանեց՝
«...Տիգրան Ավինյանը հպարտ կեցվածքով լուսանկար է հրապարակում՝ գրելով, թե գնացել է Սյունիքի Սև լիճ։ Այդ տարածքին ծանոթ յուրաքանչյուր մարդ, լուսանկարին նայելով, հասկանում է, որ ՀՀ խոշոր բնական լճերից մեկը չէր կարող այդքան փոքր տարածք ունենալ, բացի այդ, եթե թշնամին չի նահանջել և չի ազատել Սև լճի տարածքը, ինչպե՞ս է կարողացել փոխվարչապետը մարզպետի հետ հասնել լճի ափ։
Իրականում հնարավոր է, որ պաշտոնյաները եղել են Սև լճին մերձակա մեկ այլ՝ Սագի լճի կամ որ ավելի հավանական է՝ դրանից քիչ ներքևում գտնվող լճակի ափին՝ նկարվելու։
Կից քարտեզում ցույց եմ տվել, թե որտեղ կարող էին լինել պաշտոնյաները։ Հիմա որ ադրբեջանցիները իրենց հերթին նկարվեն ու իսկական Սև լճի մոտից նկարներ հրապարակեն, ի՞նչ եք ասելու»։
Այնուհետև Վահե Աղաջանյանը գրեց.
«...Տիգրան Ավինյանը ՍՏԵԼ Է: Հրապարակելով այս լուսանկարը՝ նա նշել է, որ այցելել է «Սև լիճ», սակայն իրականում այս լուսանկարն արված է «Ղազի գյոլ» կոչվող տարածքում, որը գտնվում է շատ ավելի թիկունքում»։
Այս գրառումմներից հետո Ավինյանը, ակնհայտորեն խիստ անհանգստացած, ինչպես չի անում թշնամու կողմից հնչեցրած հայտարարությունների և ՀՀ ինքնիշխան տարածքների ներխուժման դեպքում, շատ արագ արձագանքեց՝ «Տարածվող լուրերը, թե մեր այցելության վայրը Սև լիճը չէ, հերթական կեղծ տեղեկությունների շարքից են»։
Սրանից հետո Վահե Աղաջանյանը ջնջեց իր առաջին գրառումը, պատճառաբանելով, որ կա պաշտոնական հերքում, սակայն հավելեց. «Տիգրան Ավինյանը պաշտոնապես հայտարարում է, որ ինքը գտնվել է Սև լճում, այլ ոչ թե «Ղազի գյոլում»: Չնայած, որ այս հայտարարությունը հակասում է ՊՆ-ի տարածած հայտարարության հետևյալ տողերին` «Բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինվորականները փորձել էին դիրքերի առաջխաղացման գործողություններ իրականացնել, այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել», ինչը նշանակում է, որ Սև լիճը շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ»։
Այս գրառումից րոպեներ էլ անց Ավինյանը մեկ այլ առանձին գրառմամբ շտապեց պարզաբանում տալ. «Քանի որ մեր օրերում պարզ և մատչելի տեղեկատվությունն է անգամ վերածվում կեղծիքի ու համակարգված տարածվում, ստիպված եմ արձագանքել։ Տարածվող լուրերը, թե մեր այցելության վայրը Սև լիճը չէ, այլ ինչ-որ ճահիճ, հերթական ապատեղեկատվությունն է։
Մեր այցի և դրա հրապարակայնացման նպատակն էր վերջ տալ շահարկումներին և հստակ արձանագրել, որ Սև լճի մերձակայքը գտնվում է հայկական զինուժի վերահսկողության ներքո։ Ավելին՝ ինչպես ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, ադրբեջանական զինուժը փորձել էր դիրքային առաջխաղացում ապահովել, սակայն թե՛ ամբողջ տարածքը, թե՛ զինվորականներն ու նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո»։ Այստեղ ևս խիստ կոշտ մեկնաբանությունների պակաս չկա: