24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Էջմիածնում:
Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը՝ նկատելով, որ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի գրասենյակի պատերին փակցված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբերանշաններով և Փաշինյանի նախընտրական կարգախոսներով գրությամբ պաստառներ, այցելել է գրասենյակ՝ պարզաբանում ստանալու համար, թե ի՞նչու է ապաքաղաքական և ռազմահայրենասիրական կառույց համարվող ԵԿՄ-ի գրասենյակը ծառայեցվում իշխանական նախընտրական քարոզչամեքենային, կամ ինչո՞վ է պայմանավորված, որ ԵԿՄ-ի գրասենյակի պատերը ողողված են իշխանական նախընտրական կարգախոսներով գրությամբ պաստառներով:
Լսելով հարցադրումը՝ գրասենյակում գտնվող մի քանի տղամարդիկ, հանցանքում բռնվածի վարքագծին հարիր ագրեսիվ պահվածք դրսևորելով, հարձակվել են Լիա Սարգսյանի վրա, քաշքշել, հրմշտել, խփել հեռախոսին, վիրավորել, անվանել «դավաճան», «խոպանչի», «շանտաժիստ» և այլն: Լիա Սարգսյանը փորձել է քաղաքակիրթ կերպով կրկնել հարցադրումները և ստանալ բացատրություններ, սակայն դավաճան իշխանությանը և նրանց կամակատար Սասուն Միքայելյանին ծառայող ԵԿՄ-ականները, իրենց ներկայացնելով «ազգափրկիչ ֆիդայիներ», շարունակել են վայրենաբարո բղավոցներով, փողոցային բառապաշարով («դավա՛յ էղի ստուց» և այլն) ու միջնադարյան սպառնալիքներով դուրս քշել լրագրողին:
Լրագրողի փոխանցմամբ՝ հարձակումն իրականացրել է ԵԿՄ Էջմիածնի գրասենյակի նախագահ ներկայացող ոմն Արմեն Շահբազյանը և պատասխանատու ներկայացած ոմն Արթուր անունով մեկը:
Լրագրողը հասցրել է ձայնագրել Էջմիածնի ԵԿՄ-ականների հիշյալ պահվածքը ներկայացնող որոշ հատված, որը ներկայացնում ենք ստորև: