կարևոր
685 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-15 17:05

Ատոմակայանը կանգնեցվելու է 141 օրով

Ատոմակայանը կանգնեցվելու է 141 օրով

Մայիսի 15-ին՝ ժամը 00։25-ից, սկսվել է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի կանգը, և ժամը 11։45-ից էներգաբլոկն անջատվել է ՀՀ էներգահամակարգից: Էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է ս/թ հոկտեմբերի 2-ին:

Ատոմակայանը կանգնել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)` 141 օր տևողությամբ, ինչը պայմանավորված է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ավարտական փուլի աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներով:

ՊՆՎ-2021-ի ընթացքում նախատեսվող հիմնական աշխատանքներն են՝

  • ռեակտորի հիմնանորոգում՝ ակտիվ գոտու լրիվ բեռնաթափմամբ;
  • ռեակտորային կայանքի վերին բլոկի խցարար մակերևույթների արդիականացման աշխատանքներ;
  • ռեակտորի իրանի թրծաթողում;
  • ռեակտորի իրանի մետաղի վերահսկում թրծաթողումից առաջ և հետո;
  • միջուկային վառելիքի պահման ավազանի և ճնշման փոխհատուցչի նորոգում;
  • շոգեգեներատորների հիմնանորոգում և շոգեգեներատորների խողովակափնջի մրրկահոսանային վերահսկում;
  • շոգեգեներատորների կոմպոզիտային եռակցման կարանների վերահսկում;
  • գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ նորոգում;
  • ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացում;
  • ճնշման փոխհատուցչի և շոգեգեներատորների ապահովիչ կափույրների հիմնանորոգում;
  • №3 և №4 տուրբինների ընթացիկ նորոգում;
  • №3 գեներատորի միջին նորոգում;
  • №4 գեներատորի հիմնանորոգում;
  • АТ-1 ավտոտրանսֆորմատորի ընթացիկ նորոգում;
  • ներռեակտորային վերահսկման համակարգի արդիականացում; 
  • ստուգիչ-չափիչ սարքերի լրակազմերի փոխարինում, ստուգիչ մալուխների փոխարինում շոգեգեներատորների բոքսի սահմաններում;
  • տեղեկատվահաշվողական համակարգի լրացուցիչ պարամետրերի մոնտաժում:

ՊՆՎ-2021-ի նախատեսվող աշխատանքներին մասնակցելու են ՀԱԷԿ-ի գրեթե բոլոր արտադրամասերի աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի, Ուկրաինայի և այլ երկրների շուրջ 400 մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն: Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորող կոմիտեի (ՀՀ ՄԱԿԿ) մասնագետները: