կարևոր
2392 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-15 10:26

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ստեղծված իրադրությունը դեռ չի հանգուցալուծվել, ադրբեջանցիների մի մասը ՀՀ տարածքում է. ՊՆ

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ստեղծված իրադրությունը դեռ չի հանգուցալուծվել, ադրբեջանցիների մի մասը ՀՀ տարածքում է. ՊՆ

Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 15-ի առավոտյան դրությամբ, դեռևս չի հանգուցալուծվել: Չնայած հանգամանքին, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, նրանց մի մասը այս պահին շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարևորում են իրադրության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, այդուհանդերձ, ևս մեկ անգամ հայտարարում, որ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են, և ադրբեջանական կողմը պարտավոր է առանց նախապայմանների վերադառնալ իր ելման դիրքեր։

Բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել, թե՛ ամբողջ տարածքը, թե՛ իրենք՝ զինվորականները, և թե՛ նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ։

Դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն այսօր»,-նշված է հաղորդագրության մեջ: