ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպական ու եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակն ու հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը:
Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության՝ կողմերն ընդգծել են լարվածության նվազման կարեւորությունը՝ դիվանագիտության ու բանակցությունների ճանապարհով: Բայրամովը Ռիքերին հայտնել է, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունն ուղարկվել է տարածաշրջան՝ հայկական կողմի հետ բանակցությունների համար:
Հիշեցնենք, որ նախօրեին էլ Ռիքերը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ: Արա Այվազյանն ընդգծել էր Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների անընդունելիությունը եւ անթույլատրելիությունը: