Այսօր երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստում Փաշինյանը հայտնեց, որ այսօր նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն:
Փաշինյանը նշեց, որ դա արվել է այն բանից հետո, երբ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություններից հետո, համաձայն որոնց Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքը ՀՀ սուվերեն տարածքից, այդ պայմանավորվածությունները կատարվել են միայն մասամբ:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Փաշինյանը հեռախոսազրույցում Պուտինի հետ չի քննարկել Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված Մոսկվայի կողմից օգնության թեման: «Ոչ, Փաշինյանն օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս մտահոգությունը կիսել է նաև նախագահ Պուտինը: Եվ նախագահ Պուտինը շեշտել է եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը: Առաջին հերթին այն դրույթը, որը վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանման հրաժեշտության մասին»,-ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը և Փաշինյանը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնումը:
Նշենք նաև, որ երեկ՝ մայիսի 13-ի Անվտանգության խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց Սյունիքում Ադրբեջանի հրահրած սադրանքներից հետո Հայաստանը դիմում է Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: ՀԱՄԿ-ից այսօր հայտնում են, որևէ դիմում դեռ չեն ստացել, իսկ Տիգրան Ավինյանը նշել է, որ դիմումն ուղարկվել է, բայց եռօրյա ժամկետ է նախատեսված: