կարևոր
1900 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-14 17:49

ԿԸՀ զգուշացնում է. հանձնաժողովի կողմից չհատկացված վահանակներից դուրս փակցված քարոզչական պաստառները ենթակա են վերացման

ԿԸՀ զգուշացնում է. հանձնաժողովի կողմից չհատկացված վահանակներից դուրս փակցված քարոզչական պաստառները ենթակա են վերացման

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել ՀՀ մի շարք քաղաքներում և միջպետական ավտոճանապարհներին տեղադրված արտաքին գովազդային վահանակներում տեղադրված 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական կամ քաղաքական գովազդ իրականացնող պաստառների վերաբերյալ: 

ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունում ասվում է․ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է 2021 թվականի հունիսի 7-ից, սակայն հանրապետության մի շարք քաղաքներում և միջպետական ավտոճանապարհներին տեղադրված  արտաքին գովազդային վահանակներում տեղադրվել են 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական կամ քաղաքական գովազդ իրականացնող պաստառներ:

ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառներ կարող են տեղադրվել միայն այն վահանակների վրա, որոնք վահանակները տնօրինող կազմակերպությունների կողմից նախապես տրամադրվել են ԿԸՀ-ին և ԿԸՀ-ն բաշխել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև: 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառ կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում:

Նախընտրական քարոզչության անցկացման ժամանակահատվածում 5 քառակուսի մետրը գերազանցող այն քարոզչական պաստառները, ինչպես նաև նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված պաստառները, որոնք փակցված կլինեն ԿԸՀ-ի կողմից չհատկացված վահանակներում՝ անկախ այն հանգամանքից, թե ում կողմից են դրանք փակցվել, ենթակա են վերացման:

Մինչև 5 քառակուսի մետր մակերեսով՝ նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված պաստառները, տպագիր և այլ նյութերը ևս ենթակա են վերացման, եթե նշված պաստառների, տպագիր և այլ նյութերի ծախսերը սահմանված կարգով չեն ներառվում նախընտրական հիմնադրամում:

Խախտմամբ փակցված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը հանում է համայնքի ղեկավարը, անհրաժեշտության դեպքում` ոստիկանության աջակցությամբ»: