կարևոր
1933 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-14 14:38

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը չի վերացվի

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը չի վերացվի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը չի վերացվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժեց պաշտպանների միջնորդությունը։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի պաշտպանները դատարանին երկու միջնորդություն են ներկայացրել. միջնորդություններից մեկը վերաբերում էր նրա խափանման միջոցի վերացմանը (ստորագրությունը՝ չհեռանալու մասին), մյուսը՝ գործով բոլոր նյութերն իրենց տրամադրելուն։

Բարսեղ Բեգլարյանի պաշտպանն էլ միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել (ստորագրությունը՝ չհեռանալու մասին)։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: