կարևոր
958 դիտում, 4 ամիս առաջ - 2021-05-14 13:16

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ չի նշվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելու մասին

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ չի նշվում  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելու մասին

Մայիսի 13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ, ուշ երեկոյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ:

Երկու կողմի պաշտոնական հարղորդագրությունների մեջ խիստ կարևոր տարբերություններ կան, ինչպես նախորդ հեռախոսազրույցների դեպքում է եղել: Այս անգամ այդ տարբերությունները խիստ առանցքային են. 

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ չի նշվում Փաշինյանի կողմից՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելու մասին: Այնտեղ նշված է, որ «Նիկոլ Փաշինյանը, երախտագիտություն հայտնելով Ռուսաստանի նախագահին, արտահայտվել է կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին, որպեսզի ծագող բոլոր խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով»:

Իսկ հայկական կողմի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ փաշինյանը Պուտինին տեղեկացրել է «որ ինքը երեկ հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակագրերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար»: Այսինքն, ՀՀ-ն դեռևս պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին: 

Ռուսական կողմի հաղորդագրության մեջ չի նշված Փաշինյանի տարածած հաղորդագրության մեջ տեղ գտած նաև այն ձևակերպումը, թե «զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով:»: 

Համեմատելով երկու կողմերի հաղորդագրությունների տեքստերը՝ կարող  ենք, նշել, որ նախ ռուսական կողմը նշում է, որ զրույցում բարձրացվել է նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, այնուհետև հաջորդում է ռուսական կողմի ընդգծված վերաբերմունքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: