կարևոր
2335 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-14 12:52

Սյունիքում` Սեւ լճի հատվածում, ադրբեջանցիների հետ բանակցությունները վերսկսվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սյունիքի մարզի Սեւ Լճի հատվածից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած ադրբեջանական զինված ստորաբաժանումների ետքաշման շուրջ  բանակցությունները շարունակվում են։ Ըստ Գորիս խոշորացված համայնքի Խնձորեսկի վարչական շրջանի գյուղապետ Երվանդ Մալունցի՝ այդ բանակցություններն ընթացել իրենց գյուղի տարածքում։ ArmDaily.am-ի հետ զրույցում նա ասել է, որ չի մասնակցել այդ գործընթացին և տեղեկություն չունի, թե  ինչ է քննարկվել ու ադրբեջանցիների կողմից ինչ պահանջներ են առաջ քաշվել։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին կեսօրից Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչներն ահազանգում էին, որ Սյունիքի մարզում Սև լճի տարածքից ադրբեջանցիները անցել են Հայաստանի պետական սահմանը, խորացել 3 կիլոմետր դեպի Վերիշեն բնակավայր: ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հաղորդագրություն է տարածել, նշելով, որ «մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ, սակայն, չի նշվել՝ արդյոք ադրբեջանական կողմը կատարե՞լ է ներկայացված պահանջը և վերադարձել է ելման դիրքեր, թե դեռևս նրանք գտնվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում: 

Իշխանասարի ուղղությամբ անդրբեջանական զորքերի առաջխաղացաման վերաբերյալ Սյունիքի մարզպետն էլ նախ նշել էր, թե նման բան չկա, ապա երեկոյան, հակասելով իր իսկ հայտարարությանը, հաստատել է, որ ադրբեջանական զինված ուժերը հատել են ՀՀ սահմանը՝ մոտ 3 կմ առաջ գալով:

Yerkirmedia.am-ի տեղեկություններով, երեկ՝ մայիսի 13-ին, ռուս զինվորականների մասնակցությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են սկսվել։

Այնուհետև Անվտանգության խորհրդի նիստին Փաշինյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչ շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Նիստին Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է՝ Սյունիքում Ադրբեջանի հրահրած սադրանքներից հետո Հայաստանը դիմում է Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

Նշենք, որ երեկ վաղ առավոտից ՄԻՊ գրասենյակ ահազանգեր են ստացվել Գեղարքունիքի Վարդենիս, Կութ, Վերին Շորժա, ինչպես նաև Սյունիքի Գորիս, Վերիշեն, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր բնակավայրերից՝ արոտավայրերի տարածքներում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներկայության հետ կապված: