կարևոր
4882 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-13 22:06

ՄԻՊ գրասենյակ ահազանգեր են ստացվել Գեղարքունիքի Վարդենիս, Կութ, Վերին Շորժա, ինչպես նաև Սյունիքի Գորիս, Վերիշեն, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր բնակավայրերից

ՄԻՊ գրասենյակ ահազանգեր են ստացվել  Գեղարքունիքի Վարդենիս, Կութ, Վերին Շորժա, ինչպես նաև Սյունիքի Գորիս, Վերիշեն, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր բնակավայրերից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին այսօր վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից` կապված ՀՀ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ` արոտավայրերի տարածքներում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներկայության հետ: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը․

«Ահազանգեր են ստացվել, մասնավորապես, Գեղարքունիքի Վարդենիս, Կութ, Վերին Շորժա, ինչպես նաև Սյունիքի Գորիս, Վերիշեն, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր բնակավայրերից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Գեղարքունիքի ու Սյունիքի ստորաբաժանումների ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականների անօրինական արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները: Պաշտպանի աշխատակազմը արձանագրել է ահազանգեր լրատվամիջոցներում:

Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ սահմանային բնակիչներին զրկում է իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է համայնքներում ոռոգման ու խմելու ջրի հասանելիության (օրինակ` Սև լճի տարածքը) համար: Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը նշված վայրերում իրական վտանգ է մարդկանց կյանքի ու անվտանգության համար, խաթարում է նրանց հոգեկան անձեռնմխելիությունը: Մայիսի 12-ից սկսած լարվածություն է առաջացել հայաստանյան հասարակությունում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունը հավիրում է այս ահազանգերի վրա և արձանագրում, որ ՀՀ սահմանային բնակիչների նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ»: