ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ «մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ»։
ՊՆ տարածած հաղորդագրության մեջ, սակայն, չի նշվում՝ արդյոք ադրբեջանական կողմը կատարե՞լ է ներկայացված պահանջը և վերադարձել է ելման դիրքեր, թե դեռևս նրանք գտնվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում:
Ի դեպ, այսօր կառավարության նիստից հետո Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը վստահեցնում էր, թե Հայաստանի պետական սահմանը պահմանվել է, թե սահմանին «լարվածություն բացարձակապես չկա», որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, «ընդամենը մի երկու տեղ լանջով սահմանագիծ կար, որ մերոնք պնդում էին, որ մի քիչ պետք է հետ նստեն, որն ընթացքում կարգավորվեց, հետ նստեցին»։ Ըստ մարզպետի՝ սահմանագծի փոփոխությունից հետո Գեղարքունիքում կան վայրեր, որտեղ բնակլիմայական պայմաններով պայմանավորված՝ հակառակորդը տեղակայման գործընթացը չէր արել, հիմա եղանակային պայմանները փոխվել են, գործընթացները սկսվել են:
Սրան զուգահեռ՝ NEWS.am-ի հետ զրույցում Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը նշել է, որ ադրբեջանական զորքը նախօրեին Վարդենիսի ուղղությամբ հատել է Հայաստանի սահմանը, հայկական Զինված ուժերին հաջողվել է նրանց դիմադրել, սակայն ամբողջությամբ հակառակորդը հետ չի գնացել:
Հիշեցնենք նաև, որ երեկ Իշխանասարի ուղղությամբ անդրբեջանական զորքերի առաջխաղացաման վերաբերյալ Սյունիքի մարզպետն էր նախ նշել, թե նամն բան չկա, ապա երեկոյան, հակասելով իր իսկ հայտարարությանը, հաստատել է, որ ադրբեջանական զինված ուժերը հատել են ՀՀ սահմանը՝ մոտ 3 կմ առաջ գալով: