Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Պաշտպանության կողմը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ քրեական գործով ամբողջ նյութերը պաշտպանության կողմին տրամադրելու մասին։ Նրանց պնդմամբ հիմնական քրեական գործում կան փաստաթղթեր, որոնց պաշտպանության կողմը չի ծանոթացել։
Սակայն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն առարկեց քրեական գործով ամբողջ նյութերը պաշտպանական կողմին տրամադրելու միջնորդությունը։
Ավելի ուշ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատարան՝ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու մասին։ Բայց մեղադրող դատախազն առարկեց՝ նշելով, որ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորվել է, մասնավորապես, դատարանում գործի քննության ընթացքում հաճախ նրանք բացակայել են դատական նիստերից։