Ի պատասխան Գազայի հատվածում քաղաքացիական օբյեկտների վրա իսրայելական հարձակումների՝ «ՀԱՄԱՍ» խմբավորումը նորից հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվին եւ Երուսաղեմին:
Իսրայելի բանակի մամուլի քարտուղար Յոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ վերջին օրերին Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ ավելի քան 1600 հրթիռ է արձակվել: Նրա պնդմամբ՝ մոտ 400 հրթիռի արձակումն անհաջող է եղել, եւ հրթիռներն ընկել են հենց Գազայի հատվածում:
Կոնրիկուսը նաեւ ասել է, որ իսրայելական «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգերը հարյուրավոր հրթիռներ են որսացել:
Նա ՀՕՊ համակարգերի աշխատանքի արդյունավետությունը գնահատել է 90 տոկոս:
Իսկ ահա Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն Իսրայելի իշխանություններին մեղադրել է ռազմական հանցագործությունների ու Երուսաղեմում էթնիկ զտտումներ իրականացնելու համար:
Նշենք, որ վերջին տվյալներով, Գազայում առնվազն 67, իսկ Իսրայելում՝ 7 մարդ է մահացել: Պատերազմական այս իրադրությունից բացի Իսրայելի տարբեր քաղաքներում բախումներ են գրանցվել հրեաների ու արաբների միջեւ:
Օրինակ՝ Բաթ Յամ քաղաքում հրեա տասնյակ երիտասարդներ երթ են կազմակերպել, հարձակվել են արաբական ձեռնարկությունների վրա, կոտրել են ապակիներ, տարբեր առարկաներ են նետել ու ռասիստական կարգախոսեր վանկարկել: Մի քանի քաղաքներում ձերբակալվել է փողոցային անկարգությունների ավելի քան 370 մասնակից, 36 իրավապահ էլ վիրավորվել է: