կարևոր
3559 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-12 21:14

Սյունիքի մարզպետը հերքում է իր նախկին ասածը և հաստատում է՝ ադրբեջանական ուժերը Իշխանասարի ուղղությամբ շուրջ 3 կմ առաջ են եկել

Սյունիքի մարզպետը հերքում է իր նախկին ասածը և հաստատում է՝ ադրբեջանական ուժերը Իշխանասարի ուղղությամբ շուրջ 3 կմ առաջ են եկել

Սյունիքի մարզպետը հերքում է նախկին հայտարարությունն ու հաստատում տեղեկությունը, որ ադրբեջանական բանակի մեծաքանակ ուժերը Իշխանասարի ուղղությամբ առանց կրակոցի շուրջ 3 կիլոմետր առաջ են եկել եւ չեն հեռանում։

Հայկական ժամանակի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտնել է, քիչ առաջ է Սեւ լճի տարածքից վերադարձել և տեղեկացրել, որ ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել իրենց դիրքերը, սպասում են իրենց վերադասի հրահանգին:

«Բանակցությունները ընթանում են, ես նոր իջա Սեւ լճի տարածքից, սպասենք այնտեղ բանակցություններին մասնակցող մեր պաշտոնյաները իջնեն, ճիշտ ինֆորմացիան կտանք, ԱԱԾ շտաբի պետն այնտեղ է: Գիտե՞ք ոնց, իրենք որ եկել-անցել են մեր պետական սահմանը, դրանք ստորաբաժանումներ են, բայց իրենց վերադասը պետք է ասի, որ հետ քաշվեն, զինվորական են: Իրենք էլ մի հատ քարտեզ են վերցրել, էդ քարտեզով ուզում են ապացուցել, որ դա իրենց տարածքն է, բայց մերն է, էլի, իրոք մերն է դա: Հիմա խնդիրը նրա մեջ է, որ բանակցության փուլում ապացուցենք, որ դա ոչ թե իրենցն է, այլ մերը: ԱԱԾ-ն, այդ ուղղության հրամանատարը հակառակորդի հետ պետք է հանդիպեն, որ ճշտեն, որից հետո զորքերը հետ քաշեն իրենց տեղը»,-նշել է մարզպետը:

Հարցին, թե արդյոք շատ են առաջ եկել, նա պատասխանել է՝ տարբեր հատվածներում տարբեր չափի՝ 1.8 կիլոմետրից 2 կիլոմետր:

Հիշեցնեն, որ ավելի վաղ Փաստինֆոյի հետ զրույցում էլ մարզպետը հայտարարել էր, թե իբր ադրբեջանական զորքը «մոլորվել» է և սխալմամբ է ներխուժել Սյունիք։ «Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել: Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են: ՀՀ պետական սահմանին որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է, ես եմ ասում»,- պաշտոնապես հայտարարել էր մարզպետը: