կարևոր
1546 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-12 00:57

Հրթիռակոծվել է Թել Ավիվը. Ահաբեկչական խմբերը թանկ կվճարեն սրա համար. հայտարարել է Նեթանյահուն

Հրթիռակոծվել է Թել Ավիվը. Ահաբեկչական խմբերը թանկ կվճարեն սրա համար. հայտարարել է Նեթանյահուն

Իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտը Գազայի հատվածում գնալով ուժեղանում է: Գազայի հատվածից հրթիռակոծվել է Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվը, քաղաքի օդանավակայանը, այլ վայրերում՝ նավթի պահեստ, նավթատար, ՋԷԿ և այլ ենթակառուցվածք: Իսրայելի տարբեր քաղաքներում շարունակվում են նաև հրեաների ու արաբների քաղաքացիական բախումները: Իսրայելն էլ հրթիռակոծում է Գազայի հատվածը:

Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորումը և «Իսլամական ջիհադ»-ը պատասխան կտան Իսրայելի դեմ գործողությունների համար, նրան կյանքով պատասխան կտան։ Այդ մասին քաղաքացիներին ուղղված ելույթում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ 

«Մենք խորհրդակցություն ենք անցկացրել, գնահատել ենք իրավիճակը անվտանգության ուժերի մասնակցությամբ։ Որոշել ենք, որ ՀԱՄԱՍ-ը և «Իսլամական ջիհադ»-ը թանկ կվճարեն Իսրայելի դեմ իրենց գործողությունների համար։ Ես դա ձեզ ասում եմ այսօր։ Նրանք իրենց կյանքով պատասխան կտան։ Մենք միասնական ենք թշնամու դեմ»,- հայտարարել է Նեթանյահուն։ Վարչապետի ուղերձը հեռարձակել են Իսրայելի հեռուստաընկերությունները։ 

Թել Ավիվում միացվել են օդային տագնապի ազդանշանները, որոնք քաղաքացիներին զգուշացնում են Գազայի հատվածից հրթիռակոծման վերաբերյալ։ Մեկ մարդ զոհվել, առնվազն 8-ը վիրավորվել են։ Այդ մասին հայտնել է The Times of Israel-ը։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Պաղեստինից և Գազայի հատվածից Իսրայելի տարածքի վրա արձակվել է ավելի քան 630 հրթիռ, իսկ Աշկելոն և Աշդոդ քաղաքներում հրթիռներն ընկել են շենքերի վրա։ 

Իսրայելում բախումները վերսկսվել էին մայիսի 10-ին։ Նախորդ գիշերվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 հրթիռ։ Ի պատասխան Իսրայելը խոցել է 130 ռազմական թիրախ։

Վերջին մի քանի օրերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են տուժել Ալ Աքսա մզկիթի շրջանում պաղեստինցիների և Իսրայելի ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների արդյունքում: Ինչպես հայտնել էր Reuters-ը, բախման պատճառ էր դարձել Իսրայելի դատարանի կողմից պաղեստինցի ընտանիքներին այդ տարածքից վտարման հնարավոր որոշումը։ Մայիսի 8-ին տեղի ունեցած բախումների ընթացքում Իսրայելի ոստիկանությունը կիրառել էր ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ, իսկ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել էին քարեր, պայթուցիկ շշեր և այլ առարկաներ։ Իսրայելի ոստիկանությունը, փորձելով խուսափել միջէթնիկ բախումներից, մայիսի 10-ին արգելել է հրեաներին դրոշներով երթի դուրս գալ Երուսաղեմի պատմական հատվածում և այցելել Տաճարի լեռ, որտեղ գտնվում էին Ալ Աքսա և Ժայռի գմբեթ մզկիթները: Տաճարի լեռան վրա եղել նաև հրեական երկու տաճարներ, որոնցից վերջինը կործանվել է հռոմեացիների կողմից` մեր թվարկության 70 թվականին: Լացի պատը այդ տաճարի միակ մնացորդն է և հրեաների գլխավոր սրբատեղին: