16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Երկու անգամ վարչապետ չընտրելուց հետո Ազգային Ժողովն իրավունքի ուժով արձակված է: Նախագահի հրամանագրով արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են դեռ երկու ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի մատնանշած օրը՝ հունիսի 20-ին:
Ընտրական օրենսգիրքը արտահերթ ընտրությունների համար նախընտրական քարոզարշավի կարճ ժամանակահատված է նախատեսում՝ 12 օր: Հունիսի 7-ից կմեկնարկի քարոզարշավն ու կավարտվի հունիսի 19-ին:
Կուսակցությունների համար խորհրդարանում հայտնվելու շեմը շարունակում է մնալ 5 տոկոսը, կուսակցությունների դաշինքների դեպքում` 7 տոկոսը: Խորհրդարան պետք է անցնի նվազագույնը երեք ուժ:
Պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո ընտրական շեմը հաղթահարած ցանկացած կուսակցություն կամ դաշինք 6 օր ժամանակ ունի շեմը հաղթահարած առավելագույնը երկու կուսակցության կամ դաշինքի հետ կոալիցիա կազմելու համար, եթե նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ: Ձեւավորված կոալիցիան պետք է ունենա մանդատների ընդհանուր թվի առնվազն 54 տոկոսը:
Վերջնաժամկետը լրանալու հաջորդ օրը, եթե կոալիցիա չձեւավորվի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հայտարարի ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին: Այն տեղի կունենա քվեարկության օրվանից՝ այսինքն հունիսի 20-ից հետո՝ 28-րդ օրը: Ընտրության երկրորդ փուլին կաարող են մասնակցել առավելագույն ձայներ ստացած երկու ուժերը: Իսկ եթե վերջինները որոշեն միասին նոր դաշինք կազմել, ապա երկրորդ փուլին կմասնակցեն այդ նոր դաշինքն ու առավելագույն ձայներ ստացած երրորդ ուժը:
Եթե երկրորդ փուլով հաջողվի ձեւավորել կայուն խորհրդարանական մեծամասնություն, ու եթե ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքով նոր ընտրություններ չնշանակվեն, ապա քվեարկության օրվանից հետո՝ 7-րդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի Ազգային ժողովի ձեւավորված լինելու մասին:
Նորընտիր խորհրդարանի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ հրավիրվում է առաջին նստաշրջանը: Հանրապետության նախագահը անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության թեկնածուին: Վարչապետ նշանակելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում էլ կառավարության կազմն է ձեւավորվում՝ վարչապետի առաջարկով եւ նախագահի նշանակմամբ:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: