09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին և տևելու է մինչև հունիսի 18-ը՝ ժամը 24:00-ն: Համապատասխան որոշումն ընդունվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի նիստում:
ՀՀ ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին նախագիծը ներկայացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մեկնարկելու է 2021 թվականի հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Թեկնածուների, կուսակցությունների կամ դաշինքի անդամ կուսակցությունների ինքնաբացարկի մասին դիմումների ներկայացման ժամկետը մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն է»,-ասել է Մուկուչյանը:
Ընտրական տեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչև 2021 թվականի մայիսի 26-ը, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ մինչև ժամը 18:00-ն, այն է՝ 2021 թվականի մայիսի 26-ը մինչև ժամը 18:00-ն:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար նախատեսված է ժամկետ՝ 2021 թվականի մայիսի 26-ից մայիսի 30-ը: Ընտրողների ցուցակները տեղամասային կենտրոններում բոլորի համար տեսանելի վայրում փակցվելու են մայիսի 31-ին:
Խորհրդարանական ընտրություններին ընտրողները քվեաթերթիկի վրա ոչ մի նշում չեն կատարելու, այլ պարզապես ընտրելու են քվեաթերթիկն ու այն դնելու ծրարի մեջ:
«Քանի որ ընտրություններն իրականացվելու են զուտ համամասնական ընտրակարգով, քվեաթերթիկը չի ունենալու հետևի հատված, չեն լինելու տարածքային թեկնածուներ, քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու: ԿԸՀ-ն ընդունում է այն որոշումը, որով փոխվում է քվեաթերթիկի նմուշը: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա ոչ մի նշում այսուհետ չի կատարվելու»,- նշել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: