կարևոր
598 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-11 15:50

Ռուբեն Վարդազարյանի գործով դատավորը լրացուցիչ նյութեր է պահանջել

Ռուբեն Վարդազարյանի գործով դատավորը լրացուցիչ նյութեր է պահանջել

Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, այսօր՝ մայիսի 11-ին, հետաձգվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու մասին որոշումները վերացնելու մասին բողոքը։

Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դատական նիստը հետաձգվել է լրացուցիչ նյութեր ներկայացնելու խնդրով:

«Այս դատական նիստին բովանդակային հարց չենք քննարկել։ Դատական նիստը հետաձգվեց լրացուցիչ նյութեր ներկայացնելու խնդրով։ Հաջորդ դատական նիստին քննարկելու ենք դռնբաց նիստի անցնելու հարցը։ Այսօր այդ հարցը մասնակի քննարկել ենք»։

Անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ ենթադրյալ հեռախոսազրույցի վերաբերյալ ձայնագրությանը, որում Ռուբեն Վարդազարյանն իրեն իբրեւ ցուցումներ է տալիս, Խուդոյանն ասաց. «Ձայնագրման հրապարակումից հետո Վարդազարյանի հետ կապ չեմ ունեցել, դեռ չգիտեմ՝ ինչ դիրքորոշում ունի։ Կարծում եմ, որ դեռ շատ ձայնագրություններ են պարբերաբար ասպարեզ դուրս գալու, գիտեմ, որ մեր իրավապահ մարմիններում վերջերս պրակտիկա է դարձել՝ իրենց հետագա ապահովության համար տարբեր ապացույցներ հետ քցելը»։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու) հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։