կարևոր
622 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-11 13:43

Գավառում 2 անձի սպանության գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

Գավառում 2 անձի սպանության գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2020 թ. ապրիլի 28-ին Գավառում երկու անձի սպանության և վեց անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Պարզվել են Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները, շարժառիթը, անհատականացվել միջադեպին մասնակից անձանց գործողությունները, որոնց տրվել են քրեաիրավական գնահատականներ:

Միջադեպից օրեր առաջ՝ 2020 թ. մարտի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գավառի բնակիչ, դեպքի պահին դեռևս 18-ը չլրացած երիտասարդը մի խումբ անձանց հետ, նախկինում ունեցած տարաձայնությունների հետ կապված հարցերի պարզաբանման ժամանակ, ծեծի է ենթարկել Նորատուս գյուղի բնակիչ, 18-ամյա երիտասարդին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ծեծի ենթարկողներից վրեժխնդիր լինելու նպատակով վերջինիս հայրը ազգականի, համագյուղացիների, կողմնակիցների և ինքնությունները դեռևս չպարզված անձանց հետ, ապօրինի կերպով ձեռք բերած հրազեններով, 2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում հանդիպել է որդուն ծեծի ենթարկած երիտասարդի՝ հրազենով զինված հորեղբորը և նրանց մտերիմների հետ, որի ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն: Արդյունքում երկու անձի պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ևս վեցին՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

18-ամյա երիտասարդի հորեղբորը մեղադրանք է առաջադրվել՝ սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իսկ նորատուսցի երիտասարդի հորը և ազգականին՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու համար:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Գործով դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: