կարևոր
463 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-11 13:14

 ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ Արցախի Ազգային ժողովում տեղի է ունեցել համաժողով. ՏԵՍԱՆՅՈւԹ

Մայիսի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնած «Արցախի երիտասարդական համաժողով»-ը։

Համաժողովին մասնակցել են քաղաքական կուսակցությունների երիտասարդական և ուսանողական միություններ, երիտասարդական հասարակական կազմակերպություններ եւ Արցախում գործող բոլոր համալսարանների ուսանողական խորհուրդները։ Համաժողովին ներկա են եղել եւ նախաձեռնությունը ողջունելու ելույթներով հանդես եկել ԱՀ Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի անդամ Սերգեյ Շահվերդյանը։

Համաժողովի ավարտին ընթերցվել եւ որդեգրվել է պատմական Հռչակագիրը։ Արցախի երիտասարդական կազմակերպություններին հաջողվել է համախմբվել մեկ օրակարգի շուրջ, սկիզբը դնելով ուշացած բայց առաջնային անհրաժեշտություն ունեցող՝ Համազգային օրակարգի ձեւավորմանը։

Առաջիկայում ձեւավորվելու է աշխատանքային կազմ կոմիտե, որտեղ ընդգրված են լինելու բոլոր կազմակերպություններից ներկայացուցիչներ։ Աշխատանքային կոմիտեի առաջին անելիքը լինելու է հռչակագրի էությունից եւ բովանդակությունից բխած ճանապարհային քարտեզի մշակումը, որն իր մեջ ամփոփելու է առաջիկա տարիների հստակ գործողությունների փաթեթ։

Ստորեւ հռչակագրի ամբողջական բովանդակությունը․

«Արցախի Հանրապետության երիտասարդական կազմակերպությունների

Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր Ը

Մենք՝ Արցախի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներս,

Հաշվի առնելով 2020թ․-ի աշնանը Արցախի Հանրապետության եւ նրա խաղաղ բնակչության նկատմամբ սանձազերծված ադրբեջանական-թուրք-ահաբեկչական 44 օրյա պատերազմի հետեւանքով․

• Հայրենիքի զգալի մասի բռնազավթումը,

• Հազարավոր զինվորների, կամավորների, ազատատենչ հայորդիների նահատակությունը,

• Պատերազմի հետեւանքով հազարավոր անհայտ կորած, հաշմանդամություն ձեռք բերած եւ վիրավորում ստացած անհատների ճակատագիրը,

• Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների տեղահանությունը,

• Սոցիալ-տնտեական եւ քաղաքական ծանր ճգնաժամը,

• Պետության առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերները,

Կարեւորելով`

Ազգային ներուժի համախմբման, նորոգման եւ ամրապնդման գործում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության բացառիկ հնարավորությունները

Գիտակցելով՝

Պետության զարգացումը, հզորացումն ու հարատեւությունը ապահովելու հրամայականը

Հարատեւ պայքարի վճռականությամբ հայտարարում ենք, որ հանձնառու ենք․

• Վերականգնել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը,

• Իրացրած լինելով ժողովուրդների իրավահավասարության եւ ազատ ինքնորոշման սկզբունքը՝ հետապնդել Արցախի Հանրապետության անկախ եւ ինքնիշխան անխուսափելի կարգավիճակի՝ միջազգային ճանաչումը,

• Լծվել պետականաշինության, անվտանգային, ազգային, պատմամշակութային եւ հոգեւոր հիմնասյուների, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացման, հզորացման եւ ամրապնդման սուրբ գործին։

Արձանագրելով, որ Արցախի հարցի կարգավորումը հանդիսանում է համայն հայության գերագույն իդեալի՝ միացյալ Հայաստանի կերտման առաջին հանգրվանը՝ մենք կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը, մասնավորաբար հայ երիտասարդությանը իր ողջ ներուժը, գիտելիքները, հնարավորություններն ու մասնագիտական կարողությունները ի սպաս դնել վերոնշյալ նպատակների իրագործմանն ու իրականություն դարձնել Արցախյան հակամարտության վերջնական եւ հայանպաստ կարգավորումը»:

Հաջողություն բոլորիս աշխատանքներին: