Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.
1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,– ասվում է հրամանագրում:
Հիշեցնենք, որ անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ երկրորդ անգամ, վարչապետ չի ընտրվել: Խորհրդարանն արձակելու ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր ԱԺ հատուկ նիստում դարձյալ առաջադրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Միակ թեկնածուն նա էր, որի օգտին կողմ է քվեարկել՝ 1 պատգամավոր, դեմ՝ 1, եւ 76 պատգամավոր էլ՝ ձեռնպահ: