կարևոր
1894 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-10 19:25

Արա Այվազյանն ու Գուտերեշը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Արցախում հումանիտար իրադրությունը մեղմելու քայլերը

Արա Այվազյանն ու Գուտերեշը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Արցախում հումանիտար իրադրությունը մեղմելու քայլերը

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Զրուցակիցները բարձր են գնահատել ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը: 

«Զրույցի առանցքային թեմաներից էր Արցախի հակամարտության գոտում վերջին զարգացումների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական իրադրությունը մեղմելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Ներկայացնելով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած շրջանում ՄԱԿ համապատասխան մասնագիտացված կառույցների հետ Հայաստանի իրականացրած աշխատանքները՝ անխափան հումանիտար մուտքն Արցախ ապահովելու ուղղությամբ, նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է հումանիտար աջակցության հասանելիության հարցը քաղաքականացնելու և միջազգային հանրության ջանքերը խաթարելու իր գործելաոճը»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ անհապաղ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատար Այվազյանն ընդգծել է Ադրբեջանի պատանդառության ներքո գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը: 

ՀՀ ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ նախարարի պաշտոնակատար Այվազյանը և ՄԱԿ Գլխավոր քարտուղար Գուտերեշն անդրադարձել են նաև Արցախյան համակարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ու պահպանության և այդ ուղղությամբ միջազգային գործուն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը: ԱԳ նախարարի պաշտոնակատարն անընդունելի է համարել վտանգված մշակութային վայրեր միջազգային փորձագիտական առաքելության իրականացումն արգելափակելու ադրբեջանական կողմի վարքագիծը: 

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարի պաշտոնակատար Այվազյանը կարևորել է Արցախի խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս համատեքստում Արա Այվազյանն ընդգծել է նաև համանախագահության դերը պատերազմի հետևանքների հասցեագրման գործում: