կարևոր
628 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-10 16:45

Սա հակասում է պետական պաշտոնյայի քաղաքակիրթ վարքագծի կանոններին․ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը Մանե Գևորգյանի և լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Սա հակասում է պետական պաշտոնյայի քաղաքակիրթ վարքագծի կանոններին․ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը Մանե Գևորգյանի և լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել երեկ Եռաբլուրում Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանի և կառավարության խոսնակ Մանե Գևորգյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ․

«Մայիսի 9-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արմնյուզ» հեռուստաընկերության և «Tert.am» լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանը հարց է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս հարգանքի տուրք էր մատուցում զոհված զինվորների հիշատակին։ Լրագրողը փորձել է մոտենալ կառավարության ղեկավարին, ինչը կանխել են իրավապահներն ու Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ Ավելի ուշ ոստիկանները սահմանափակել են թե՛ Անի Գևորգյանի, թե՛ «News.am» լրատվական կայքի աշխատակիցների ազատ տեղաշարժը պանթեոնում։

Սա առաջին դեպքը չէ, երբ կառավարության խոսնակն անձամբ է միջամտում և թույլ չի տալիս լրագրողին մոտենալ վարչապետին։ Հիշեցնենք, որ վերջերս նա Սյունիքում խոչընդոտել էր նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերության թղթակցի աշխատանքը։ Սա անընդունելի պահվածք է, ինչը հակասում է պետական պաշտոնյայի քաղաքակիրթ վարքագծի կանոններին, առավելևս՝ լրատվամիջոցների հետ հաղորդակցության համար պատասխանատու անձի պարագայում։ 

Հաշվի առնելով գալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները և նախատեսվող զանգվածային միջոցառումները՝ վստահաբար կարելի է ենթադրել, որ լրագրողների գործունեության պայմանները զգալիորեն բարդանալու են։ Ուստի կոչ ենք անում թե՛ պետական պաշտոնյաներին, թե՛ իրավապահ մարմիններին և թե՛ ընտրական գործընթացին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, իսկ վերջիններիս՝ իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունն օրենքի և լրագրողական էթիկայի նորմերի պահպանմամբ։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երևանի մամուլի ակումբ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Լրագրողների «ասպարեզ» ակումբ
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան
Հանրային լրագրության ակումբ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ
«ֆեմիդա» ՀԿ