Մեր ամենաթանկ կյանքերի գնով ձեռք բերված հաղթանակն այսօր մեր ձեռքից խլված է: Այս մասին ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ։
«Այսօր հայ ժողովրդի պարծանք և հայ ժողովրդի հաղթանակի խորհրդանիշ Շուշին գերության մեջ է։ Դուք լավ գիտեք դրա պատճառը, դրա մեղավորին և դրա պատասխանատուին»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։
Նա նշել է, որ երկիրը ճգնաժամի մեջ է և բոլորը լավ գիտեն դրա պատասխանատուին։
« Մենք վերջին 6 ամիսներին միասին պայքարել ենք այդ դավաճանին հեռացնելու համար: Այժմ պայքարը տեղափոխվել է նոր հանգրվան: Ժողովրդին աղետի հանգեցրած կապիտուլյանտ սրիկան փորձելու է առաջիկա ընտրություններին խաբելով ժողովրդին, ստի, կեղծիքի ատելության ա նվան տակ վերարտադրվել: Եկեք բոլորս միասին այս հրապարակում պայմանավորվենք, որ դա թույլ չենք տալու: Նիկոլի իշխանության վերարտադրումը կործանում է Հայաստանի համար: Ելնելով դրանից՝ ՀՅԴ-ն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշել են հանդես գալ միասնական ճակատով եւ ձեւավորել «Հայաստան» դաշինքը»,-հայտարարել է Սաղաթելյանը:
Նա նշել է, որ պատրաստ են խոսել անցյալից, բացթողումներից ու սխալներից, բայց այժմ իրենց պայքարը Հայաստանի ներկայի եւ ապագայի է.
«Դուք այսօր Հայաստանի հաղթողների կողքին ենք, հաղթանակ կերտած մարդկանց կողքին ենք: Մենք Հայաստանին բերելու ենք նոր հաղթանակներ: Մենք գալիս ենք Հայաստանում ապահովելու ազգային արժանապատվություն, համերաշխություն, ապահովելու զարգացում եւ սոցիալական արդարություն, գալիս ենք կերտելու ապրելու Հայաստան, գալիս ենք համախմբելու Հայաստանի, սփյուռքի, ողջ հայության ներուժը հանուն հայ ժողովրդի ապագայի:
Մենք երաշխավորում ենք պաշտպանված սահմաններ, անվտանգ հայրենիք: Մենք երաշխավորում ենք, որ ՀՀ քաղաքացու կյանքի վրա տեղի է ունենալու զգալի եւ տեսանելի փոփոխություններ: Մենք երաշխավարում ենք արդարություն, ազատություն, համերաշխություն»,-ասել է ՀՅԴ ներկայացուցիչը: