կարևոր
907 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-09 17:22

Մեզ միավորում է մեր երկիրը հզոր, ժամանակակից և բարեկեցիկ դարձնելու տեսլականը. Վահե Հակոբյան. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մենք ապրում ենք հայ ժողովրդի համար շատ բարդ ժամանակներում, արցախյան վերջին պատերազմը շատ ծանր հետևանքներ է ունեցել հայկական երկու պետությունների՝ ՀՀ-ի ու Արցախի համար։ Այս աղետը բերած իշխանությունը պատերազմի բերած վնասերին համարժեք սպառնալիք է այսօր։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության քաղաքական համագործակցությանը նվիրված միջոցառմանը հայտարարեց «Վերածնվող Հայաստան»-ի նախագահ Վահե Հակոբյանը։

«Այս իշխանություններն այսօր վերարտադրվելու հայտ են ներկայացնում, այսինքն՝ մենք ապրում ենք ոչ միայն արդեն իսկ տեղի ունեցած, այլև նոր աղետների շեմին։ Արցախին արդեն իսկ հասցված վնասներին զուգահեռ՝ այս իշխանությունն իրական սպառնալիք է ստեղծել ՀՀ ողնաշարը համարվող Սյունիքի համար, իսկ այն ՀՀ այն մեկնակետն է, որով սկսվում, բայց չի ավարտվում ՀՀ-ի ու Արցախի անվտանգությունը»,- ասել է նա՝ նշելով նաև, թե ՀՀ-ն այսօր գնում է ոչ միայն սխալ, այլև կործանման տանող ճանապարհով, ինչն էլ իրենց ստիպել է հանդես գալ կուսակցության ստեղծման գաղափարով։

«Մենք սյունաց կուսակցություն ենք՝ մեր ակունքներով, բայց մեր գաղափարներով մենք համապետական քաղաքական ուժ ենք և հրապարակ ենք գալիս ոչ միայն Սյունիքի, այլև ողջ Հայաստանի վերածննդի և հզորացման նպատակով»,- ասել է նա՝ նշելով, թե Հայաստանը պատած աղետի ծավալներն ու խորությունն այնպիսին են, որ որևէ ուժ ունակ չէ միայնակ դուրս բերել երկիրն այս վիճակից, անհրաժեշտ է քաղաքական առողջ ուժերի միավորում, այդ պատճառով որոշել են հանդես գալ դաշինքով։

«Մենք հավատում ենք մեր դաշինքի հավաքական մտքին, կամքին և վճռականությանը։ Մեզ միավորում է մեր երկիրը հզոր, ժամանակակից և բարեկեցիկ դարձնելու տեսլականը, գործող իշխանությունը խոչընդոտ է այդ տեսլականի իրականացման ճանապարհին, և մենք այդ խոչընդոտը վերացնելու ենք»,- հայտարարել է Վահե Հակոբյանը։