կարևոր
730 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-09 14:42

«Հեքիաթի աղբյուրի գլխին կախված հրեշ էր Շուշին». Վազգեն  Սարգսյանի առաջին հարցազրույցը՝ Շուշիի ազատագրման առիթով

«Հեքիաթի աղբյուրի գլխին կախված հրեշ էր Շուշին». Վազգեն  Սարգսյանի առաջին հարցազրույցը՝ Շուշիի ազատագրման առիթով

«Երկիր» օրաթերթի 1992 թ. մայիսի 9-ի թիվը վաղ առավոտյան ազդարարեց կատարված հրաշքի՝ հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրումը: Նույն թվի մեջ զետեղվել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի՝ Շուշիի ազատագրման առիթով տրված առաջին հարցազրույցը: Ստորև ներկայացնում ենք այն նույնությամբ.

«Արցախում կատարվածը հրաշք է». ասում է ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանըորին մեր թղթակիցը հանդիպեց երեկժամը 22.30-ին

- Այն, ինչ կատարվում է Արցախում, հրաշք է: Հեռվից հեշտ է դատել, հրահանգներ տալ: Տեղում բոլորովին այլ է: Օգնությունը՝ օգնություն, բայց Կրկժանի , Մալիբեյլիի նման անառիկ տարածքները ժամանակին վերցնելն ուղղակի հրաշք էր, անձնազոհություն: Արցախը պաշտպանում է իրեն, բայց կար անավարտության զգացում: Իսկ քանի Շուշին կար, Արցախում ապրելն անհնար էր: Ամեն օր տասնյակ խաղաղ բնակիչներ են սպանվում: Հեքիաթի աղբյուրի գլխին կախված հրեշ էր Շուշին: Կամ պիտի Արցախը կուլ գնար, կամ ոչնչացներ նրան: Նույնը Ջանհասանը և Նաբիլարը: Այս փոքրիկ գյուղերում վիթխարի քանակով զենք էր կուտակված: Գիտեինք Արցախում ադրբեջանցիներն անսահմանափակ քանակով զենք ունեն: Այդ զենքն այսօր ուղղված է ոչ միայն Արցախի, այլև Հայստանի վրա: Վերջին ամսում Շուշիում ևս մեծաքանակ զենք էր կենտրոնացվել: Ծրագրված էր և վերջին օրերին իրականացվում էր՝ Ստեփանակերտը գրավելու գործողությունը: Մյուս կողմից Աղդամն էր միանալու: Այս ընթացքում Արցախը բազմաթիվ զոհեր տվեց: Հակահարվածն անհրաժեշտություն էր, և նախորդ գիշեր այն սկսվեց: Շուշիի մերձակա կրակակետերը վերացվեցին, ավելին կատաղի սկսեցին գործել քաղաքի շուկայի և բանտի հենակետերը: Միայն բանտի մոտ «Գրադի» երեք կայանք կար: Բանտը, որի վրա գրոհող տղերքի զգալի մասին այդ նույն բանտում տանջել են, վերածվել էր շատ ամուր բերդի: Վերջին տվյալներով այն գրավված է, կրակակետերը ոչնչացված են: Շուշիի վերին մասում՝ դեպի Լաչին, թշնամու ռազմական ուժերի երրորդ խմբավորումը շարունակում է դիմադրել և գնդակոծում է Ստեփանակերտը: Թշնամին օգտագործում է նաև մարտական ուղղաթիռներ և մեզ հայտնի ՍՈՒ-25 ռմբակոծիչը, որը երեկ մոտ 19:40-ին երեք ռումբ է գցել Ստեփանակերտի և մեր դիրքերի վրա: ԼՂՀ մայրաքաղաքում մեծ ավերածություններ կան: Մեր ժողովրդի մի հատվածն այնտեղ՝ Արցախում կենաց և մահու կռիվ է տալիս, և մենք այստեղ անտարբեր մնալու բարոյական իրավունք չունենք: Արցախին մեր ամեն կարգի օգնությունն ապահովվելու է:

Այսօր վճռորոշ նշանակություն է ստանում մեր համախմբվածությունը: Չեմ բացառում նաև Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի կտրուկ լարումը: Մենք ուզում ենք խուսափել մեծ պատերազմից , բայց նաև պատրաստ ենք միասնական հակահարվածի:

Փառք ու պատիվ ընկածներին, փառք ու պատիվ մարտնչողներին: Պատերազմը լոկ երկաթի ու տեխնիկայի կռիվ չէ, առաջին հերթին ոգու պայքար է: Այսօր մեր ոգին է կռվում: Մեր ոգին այսօր հաղթում է»:

 

«Երկիր», 9 մայիսի, 1992 թ.