ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկաայցուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը.
«Հարգելի գործընկերներ,
սիրելի հայրենակիցներ,
Այսօր մեր ժողովրդի Հաղթանակի օրն է: Շուշիի ազատագրման օրը: Սակայն, այդքան թանկ գնով ձեռք բերված հաղթանակը խլված է մեզնից: Հազարավոր նվիրյալների կյանքի գնով ազատագրված Հայրենիքը կրկին հայտնվել է գերության մեջ: Խոցված է մեր արժանապատվությունը, մեզ փորձում են կոտրել ու ոչնչացնել։ Այսօր հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական պահերից մեկն է։ Համակողմանի ճգնաժամի մեջ ենք՝ ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյա-հոգեբանական։
Մենք շարունակում ենք մեր պայքարն ընդդեմ ստի, ամբարտավանության, անարդարության ու ապաշնորհության: Երեք տարի շարունակ սրանց կողմից ներազգային ատելության սերմանումը, բաժանարար գծերի անցկացումը բերեցին հազարավոր զոհեր, կորուստներ և պարտություն: Ուստի վերահաստատում ենք ուղիղ վեց ամիս առաջ սկսած պայքարի հաղթական ավարտի անհրաժեշտությունը՝ պարտության մարմնացում, հողին ու հային դավաճանած չարիքի իշխանությունը պետք է հեռացվի։
Մենք դա անելու ենք, անելու ենք միասին՝ հանուն Հայրենիքի:
Սիրելի Հայրենակիցներ առաջիկա ընտրությունները սովորական չեն: Սա մեր կյանքի ամենապատասխանատու ու ճակատագրական ընտրությունն է, սա ընտրություն է ազգայինի և ազգադավի, արժանապատվության ու ստրկամտության, պատասխանատվության և ամբոխավարության, աշխատանքի և ձրիակերության, անկեղծության և ստախոսության, անվտանգ ապրելու, զարգանալու և անհեռանկար ապագայի միջև: Ի վերջո, սա պետականություն ունենալ-չունենալու ընտրություն է։
Այս գիտակցությունն է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությանը բերեց ուժերը համախմբելու, միասնական ճակատով հանդես գալու որոշմանը։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունն առաջիկա ընտրություններին մասնակցելու է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ դաշինքով: Մենք մեր ժողովրդին ներկայանում ենք հաղթանակներ կերտած, ճգնաժամեր հաղթահարած, պետականության կայացման գործում հաջողած, փորձով ու գիտելիքով, պատասխանատվությամբ ու վճռականությամբ, հավատով ու գաղափարականությամբ օժտված հավաքականությամբ:
Մենք հրաշքներ չենք խոստանում, բայց երաշխավորում ենք քրտնաջան աշխատանքով արագորեն երկիրը դուրս բերել այս վիճակից և կառուցել ուժեղ Հայաստան: Մենք դա մի անգամ արդեն արել ենք Ռոբերտ Քոչարյանի հետ, պատրաստ ենք անել նաև հիմա՝ հանուն Արցախի, Հայաստանի և հայության, հանուն մեր ներկայի և ապագայի։
Մենք չենք հաշտվելու պարտության հետ: Մենք ոտքի ենք կանգնելու:
Մենք վերականգնելու ենք Հայաստանի քաղաքացիների, բոլոր հայերի ազգային արժանապատվությունը:
Մենք գալիս ենք հաստատելու արժանապատիվ խաղաղություն և ներազգային համերաշխություն:
Մենք գալիս ենք ապահովելու տնտեսական զարգացում և սոցիալական արդարություն:
Մենք գալիս ենք իրականացնելու մարդու առողջապահական, կրթական, հոգևոր և մշակութային կարիքների բավարարմանն ուղղված արդյունավետ կառավարում:
Մենք գալիս ենք ապահովելու արդարություն ու օրենքի առաջ բոլորի հավասարություն:
Մենք գալիս ենք համախմբելու Հայաստանի, Արցախի, Սփյուռքի և ողջ հայության կարողականությունը:
Մենք գալիս ենք կերտելու յուրաքանչյուրիս ապրելու Երկիր Հայաստան:
Մենք գալիս ենք միավորելու բոլորին՝ աշխատավորին, գյուղացուն, մտավորականին, գորածարարին, զինվորականին, ուսուցչին, բժշկին, հոգևորականին, երիտասարդին՝ միասին կերտելու բոլորիս Հաղթանակը:
Դեպի ուժեղ և անվտանգ, բարեկեցիկ և արժանապատիվ, հզոր և ազգային Հայաստան:
«Հայաստան» դաշինքը շուտով դա իրականություն կդարձնի»: